Փաշինյանի ֆեյսբուքյան ֆիասկոն. մարդիկ սկսում են սթափվել
2018-10-10 01:55:00
Նիկոլ Փաշինյանի՝ Ֆեյսբուքում արած գրառումն անսպասելի արձագանքի է արժանացել: Գրառման միջոցով Փաշինյանն, ըստ էության, ցանկացել է հասարակությանն «ավետել» Հայաստանի՝ հեղափոխությունից հետո գրանցած թռիչքաձև տնտեսական աճի մասին՝ հրապարակելով, մասնավորապես, տնտեսական որոշ ցուցանիշներ, առաջին հայացքից բավական հյութեղ թվացող թվեր:
Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, այս անգամ, սակայն, Փաշինյանի գրառման տակ մեկնաբանություն թողած քաղաքացիներն այնքան էլ ջերմորեն չեն ընդունել Հայաստանի տնտեսական աճի մասին իբր փաստող վարչապետի մեջբերած թվերը՝ հիմնականում թողնելով հոռետեսական, իսկ ավելի ճիշտ՝ իրատեսական գրառումներ:
Մասնավորապես՝ ոմանք նկատել են, որ հետհեղափոխական շրջանում պարենային ապրանքների գները շուկայում ոչ թե նվազել, այլ զգալիորեն աճել են, և սա այն պարագայում, երբ Կառավարության հիմնական լուծելիք խնդիրներից մեկն էլ հանդիսանում է շուկայում չհիմնավորված թանկացումների առաջն առնելը:
Ոմանք էլ փորձել են իրենց բարի խորհուրդներով հուշել Փաշինանին, թե ինչ է պետք անել՝ երկիրն իսկապես ծանր վիճակից դուրս բերելու համար: «Լույսն ու գազը էժանացրե՛ք, տարիքային սահմանը մեծացրե՛ք, թոշակ ու նպաստ բարձրացրե՛ք, համաներում արե՛ք, հրաժարական մի՛ տվեք, աշխատավարձ բարձրացրե՛ք, թուրքիայի սահմանը բացե՛ք, վրաստանից բերվող ապրանքների քաշի գինը լրիվ հանե՛ք, բանջարեղենը թանկ է....»,-մասնավորապես գրել է օգտատերերից մեկը:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ հասարակությունը կամ առնվազը դրա ակտիվ հատվածն, ուշքի գալով հեղափոխական էյֆորիայից, սկսում է առավել սթափ ընկալել այն իրականությունը, որում հայտնվել է երկիրը հեղափոխությունից հետո՝ չնայած այն դեռևս չի էլ վերջացել կամ ամբողջացել: Մարդիկ այլևս սկսում են վերադառնալ իրականություն ու նոր կառավարության մասին սկսում են ոչ թե դատել թավշյա լոզունգներից ելնելով, այլ այն չեղած արդյունքներով, որոնք այդպես էլ չեն նյութականանում՝ վերածվելով ընդամենը ֆեյսբուքյան հերթական գրառման բովանդակային վիրտուալ հենքի:
Իսկ սա նշանակում է, որ հեղափոխականների վիճակը ժամանակի հետ միայն բարդանալու է: Մարդ բռնել-բացթողելն, իհարկե, տեսարժան շոու է, բայց դրանով հասարակությանը չես կերակրի, սովալլուկ մանուկներին չես կշտացնի: Մինչդեռ մարդիկ փողոց էին դուրս եկել առաջին հերթին սոցիալական խնդիրները կարճ ժամանակում լուծված տեսնելու հույսով:
Ավա՜ղ…
Այս նյութը դիտել են - 2524 անգամ