Մահացել է «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը
2018-10-09 15:40:00
Սրտի կաթվածից մահացել է «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը: 
Վերջին ժամանակներս 47-ամյա Խանդոյանն ուներ առողջական խնդիրներ, որոնք վատթարացան անցած տարի հունիսի 28-ին, երբ հենց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքի խցում մոտավորապես 15 ոստիկան դաժան ծեծի ենթարկեցին Արայիկ Խանդոյանին:
«Արայիկ Խանդոյանը բռնության է ենթարկվել, խոշտանգվել է ամենադաժան ու ամենաանմարդկային ձևով:
Պատճառն այն է եղել, որ երբ դատական նիստերի դահլիճից ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին ծեծելով տարել են ոստիկանները, Արայիկ Խանդոյանը բարձրաձայնել է՝ ի՞նչ եք անում. նրանք շարունակել են իր հետ նույնկերպ վարվել: Ես համոզված եմ, որ Խանդոյանն առնվազն ուղեղի ցնցում է ստացել, շատ ցավեր ունի գլխի, երիկամների շրջանում, ոտքերին վնասվածքներ կան»,- մանրամասնել էր պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր:
«Միայնակ Գայլ» Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Միայն 2 տարի անց դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և փոխել Խանդոյանի խափանման միջոց կալանքը:
Այս նյութը դիտել են - 2342 անգամ