Լոս Անջելեսում ովքե՞ր էին կազմակերպել Ալեն Սիմոնյանի «մեծարման» ճաշկերույթը
2018-10-09 00:30:00
Սեպտեմբերի 30-ին Լոս Անջելեսում, ՀՀ Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ կազմակերպված հանդիպում-երեկույթը բավական ուշագրավ գծերով է աչքի ընկել:
Դրա շնորհիվ, փաստորեն, պարզ դարձավ, որ հեղափոխության ու Դաշնակցության հարաբերություններն իրականում այնքան էլ վատ չեն, ու բոլոր այն ներհայաստանյան ինտրիգներն ու բախումները, որ այժմ առկա են հեղափոխության ու ՀՅԴ-ի՝ որպես նախորդ համակարգի անքակտելի մասնիկի միջև, իրականում յուրատեսակ շոու են, հասարակությանը մոլորության մեջ գցելու մանիպուլյատիվ միջոց:
Միջոցառումը, որը բավական ներկայացուցչական կազմ է ունեցել, իրականում կազմակերպվել է Գրիգորյան «Ռեզիդենսիում» հենց տեղի դաշնակցականների ջանքերով նաև: Դրան, ի դեպ, ներկա են եղել ոչ միայն հայ համայնքում սեփական տեղն ու դերն ունեցող ազդեցիկ անձինք, սրբազան Մուշեղ արք. Մարտիրոսյանը, (ով ի դեպ համարվում է ՀՅԴ կառույցի սրբազան) այլև այնպիսիք, որոնց ներկայությունն այդօրինակ միջոցառմանն իրականում, թվում է, պետք է որ բացառվեր ի սկզբանե:
Տեղեկացնենք, որ մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանի հետ միևնույն սեղանի շուրջ նստած է եղել ներկայում Հայաստանում հետախուզման մեջ գտնվող ոստիկանական համակարգի նախկին պաշտոնյաներից մեկն, ում անունը առայժմ չենք նշում: Կարո՞ղ էր, արդյոք, ՀՀ-ում հետախուզման մեջ հայտնված մեկի ներկայությունն Ալեն Սիմոնյանի պատվին կազմակերպված երեկութին պատահականություն լինել:
Ակնհայտորեն՝ ո՛չ:
Իրականում այս ամենն արդյունք է այն լատենտ, ստվերային քաղաքականության, որն այժմ տարվում է հեղափոխության առաջնորդների կողմից:
Ամենահետաքրքրականն այստեղ այն է, որ համապատասխան գործառույթը, փաստորեն այս պարագայում իր ուսերին է առել հեղափոխության ստվերային առաջնորդներից մեկն՝ Ալեն Սիմոնյանն, ով, ի դեպ, ասում են, մեծ պլաններ ունի ապագայի հետ կապված. ցանկանում է դառնալ ԱԺ-ի նախագահ՝ փաստացի իր ձեռքը կենտրոնացնելով խորհրդարանական կառավարման համակարգում հիմնահենքային նշանակություն ունեցող պառլամենտը, դառնալ երկրի տերերից մեկն, եթե ոչ՝ ամենագլխավորը:
Այս ճանապարհին Սիմոնյանն ակնհայտորեն որոշել է միջոցների մեջ խտրականություն չդնել ու ամեն գնով հասնել իր ուզածին՝ հեղափոխական թավշյա լոզունգների քողի ներքո ծավալելով կասկածելի գործունեություն այն պարագայում, երբ տեղի ունեցած հեղափոխության հիմնական պատճառներից մեկն էլ հին բարքերին վերջ տալու ժողովրդի ցանկությունն էր, երկիրն ապաքրեականացված տեսնելու ազգաբնակչության փափագը:
Պակաս ուշագրավ չէին միջոցառման ընթացքում ու դրանից դուրս Ալեն Սիմոնյանի կատարած հայտարարությունները, որոնցից պարզ դարձավ, որ իրականում որևիցե արմատական փոփոխություն գոնե առայժմ սպասել պետք չէ. տղերքին ժառանգություն է հասել աննախանձելի վիճակում գտնվող երկիր,որի վերակագնման համար դեռ ժամանակ է պետք լինելու:
Նույնիսկ Սևանից ջուր բաց թողնելու հանգամանքը Ալեն Սիմոնյանը միամիտ սփյուռքահայերին փորձել է բացատրել սեփական «փիլիսոփայության» տեսանկյունից՝ այն արդյունք համարելով նախկինների՝ արտեզյան ջրերի հանդեպ ունեցած սեփականատիրական վերաբերմունքով:
Սիմոնյանը նաև հայտարարել է,թե Հայաստանում այլևս վերացած է հովանավորչությունն ու նմանատիպ տրամաբանությունը:
Հավատա՞նք...
Բավական է, սակայն, մի փոքր խորությամբ ուսումնասիրել հայաստանյան հեղափոխական իրականությունը, որպեսզի պարզ դառնա, որ շատ իմաստներով գործ ունենք «լավագույն ավանդույթների» շարունակականության հետ:
Հարց է առաջանում՝ եթե ԽԾԲ-ական տխրահռչակ սկզբունքն այլևս անցյալում է, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել, ասենք, նույն Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվելու հանգամանքը՝ մեկի, ով, հայտնի փաստ է, հանդիսանում է Ալեն Սիմոյանի «քիպը»: Կամ ինչպե՞ս կարելի է բացատրել վարչապետի տիկնոջ եղբոր կարիերայի թռիչքաձև աճը հեղափոխությունից անմիջապես հետո, երբ, մեկ գիշերվա մեջ մարդը շարքային քաղաքացուց, դերասանից վերածվեց ԱԺ հարգարժան պատգամավորի՝ Փաշինյանի աներձագի իրավունքով: Պակաս ուշագրավ չէ Ալենի մտերիմ ընկերոջ՝ Վիկտոր Մնացականյանի ՔՊ ավագանու կազմում խծկվելու հանգամանքը, ով հանդիասնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի կնոջ եղբայրը, Միքայել Մինասյանի սանիկը և վերջապես Ալենի մտերիմ ընկերը: Ցանկը կարելի է անվերջ շարունակել, որը ապացույց է, որ այստեղ նույնպես գործ ունենք ԽԾԲ-ական նույնակերպ շղթայի հետ:
Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք կապերին ու հարաբերություններին, ապա այս հարցում ևս Սիմոնյանն առանձնապես չի փայլել նոր գաղափարներով: Նրա խոսքում տեղ գտած շեշտադրումները որևիցե կերպ չեն տարբերվել նախորդ իշխանությունների կողմից թմբկահարված ու լոզունգային բովանդակություն ունեցող մտքերից:
Ինչպես պարզ է դառնում Ալեն Սիմոնյանի խոսքերից, նոր իշխանությունները Սփյուռքի մեջ կրկին հակված են տեսնել շահի աղբյուրի՝ առանց մտածելու Սփյուռքին իրավունքներով օժտելու մասին:
Մասնավորապես՝ ասվածը վերաբերում է ընտրել-ընտրվելու Սփյուռքի հնարավորություներին:
Հեղափոխականներն այս առումով պահպանողական քաղաքականության կրողներ են լինելու ու չեն շտապելու Սփյուռքին մասնակից դարձնել հայաստանյան գործընթացներին՝ այդպես էլ չտալով նրանց ընտրելու իրավունք ու ստիպելով սպասել ևս մի քանի տարի. շատ բարի, շատ չարի:
Իսկ Սիմոնյանի պատճառաբանությունը հետևյալն է՝ Հայաստանում ապրողների քանակը Սփյուռքում բնակվողների թվաքանակից էականորեն նվազ է, հետևաբար և աննպատակահարմար է Սփյուռքի հայերին Հայաստանի նկատմամբ լայն իրավունքներով օժտելը, իսկ ա՛յ նեդրումներ անել ու երկիրը ծաղկեցնել Սփյուռքը պարտավոր է: Այսինքն՝ տվյալ պարագայում գործ ունենք միակողմանի դիրքորոշման հետ, ինչն, անկասկած, չի կարող տեղավորվել նույն ԱՄՆ-ում հայաստանյան հեղափոխության հաղթանակի համար պայքարած, ակտիվ ջանքեր թափած սփյուռքահայերի ակնկալիքների մեջ:
Այնպես որ՝ Սփյուռքի ակտիվ զանգվածը ստիպված է լինելու այս անգամ էլ վայելել Ալեն Սիմոնյանի եփած հուսախաբության ճաշն ու գիտակցել մեկ պարզ ճշմարտություն՝ պայքարն իզուր էր:
Հարկ ենք համարում նշել, որ այս տարիների ընթացքում, երբեք չենք տեսել որ Հայաստանից ժամանած, մասնավորապես, ՀՀԿ-ական որևէ պատգամավորի համար այսպիսի ցուցադրական ճաշկերույթ կազմակերպվեր, այն էլ տեղի դաշնակցականների և հետախուզման մեջ գտնվողի կողմից:
Ի դեպ՝ ուշագրավ է, որ հեղափոխական պայքարում մեծ ներդրում ունեցած, գիշերը ցերեկ դարձրած, հեղափոխության համար պայքարած անձանցից գործնականում ոչ ոք հրավիրված չի եղել Սիմոնյանի «մեծարման» երեկոյին նվիրված միջոցառմանն, ինչն ինքնին արհամարական վերաբերմունքի տգեղ արտահայտություն պետք է համարել: Նույնիսկ տեղի ԶԼՄ-ներին էին ընտրողաբար մոտեցել՝ իշխանական և դաշնակցական, ոչ բոլորին արժանացնելով Ալեն Սիմոնյանի «մեծարման» երեկույթը մեկնաբանելու պատվին: Կարճ ասած՝ նեղ կաստայական հանդես…
Կերա՞ք… Անուշ…
Այս նյութը դիտել են - 24156 անգամ