Որդեկորույս մայրերը հայտնվել են փողոցում՝ արդարություն որոնողների կարգավիճակում
2018-10-05 23:04:00
Հեղափոխության էյֆորիայի տակ մնացածների և ֆեյքերի անհամար բանակն իր համար նոր թիրախ է գտել: Հիմա էլ սկսել են հայհոյել, անվանարկել հոկտեմբերի 4-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, կառավարության շենքի դիմաց բողոքի ելած որդեկորույս սևազգեստ մայրերից մեկին, ով, չգտնելով արդարություն, դառնալով դատաիրավական համակարգի զոհը, ստիպված դուրս էր եկել փողոց՝ սեփական բողոքի ձայնը բարձրացնելու այն դաժան իրականության դեմ, որն այդպես էլ մնացել է անփոփոխ՝ չնայած տեղի ուենցած հեղափոխությանը, չնայած նոր իշխանությունների թավշյա խոստումներին:
Ընդ որում՝ ուշագրավ է այն ենթատեքստը, որի ներքո տեղի է ունենում ֆեյքերի հարձակումը:Որդեկորույս մորը մեղադրում են Նիկոլ Փաշինյանին գիտակցաբար վարկաբեկելու և, որ ամենազավեշտալին է, ծպտյալ հակահեղափոխական լինելու մեջ. իբր հատուկ է աղմկում, որ Փաշինյանի վարկանիշին հարված հասցնի, հակահեղափոխության «ջրաղացին ջուր լցնի»:
Մինչդեռ իրականությունն այն է, որ որդեկորույս սևազգեստ մայրերի բողոքը սկիզբ է առել դեռ նախորդ իշխանությունների օրոք, որոնց ժամանակ, ի դեպ, ոստիկանությունը չէր վարանում ուժի կիրառմամբ լռեցնելու արդարություն որոնող մայրերին՝ քշելով նրանց մի փողոցից մյուսը: Հետևաբար՝ այս պարագայում խոսել հակահեղափոխութան մասին, պարզ անհեթեթություն է, անբարո հերյուրանք:
Ոչ պակաս կարևոր հանգամանք է նոր իշխանությունների ամենևին ոչ հեղափոխական վերաբերմունքը նմանօրինակ խնդրի առաջ կանգնած մարդկանց նկատմամբ: Մինչ Փաշինյանի կինն՝ Աննա Հակոբյանն, ըստ էության, ելնելով քաղաքական հստակ նպատակներից, իբր իր շուրջն է փորձում համախմբել սևազգեստ որդեկորույսներին՝ կոչ անելով նյութական աջակցություն ցույց տալ այս կամ այն հիմնադրամին, ջանալով թողնել հանրության խոցելի խավերի ճակատագրով հույժ մտահոգվածի ու հեղափոխական արժեքներով առաջնորդվողի տպավորություն, հասարակության խոցելի հատվածի մասնիկը կազմող մարդկանց այս խումբն այսօր պարզ արդարության ծարավ է դարձել՝ բոլորի կողմից անտեսված ու լքված:
Հեղափոխությունը, կարծես, այս կանանց կողքով է անցել՝ սառն ու անտարբեր:
Երբ հեղափոխությունից ծնունդ առած ու մարդկանց գլխին պատուհաս դարձած ֆեյքերի թիրախում են հայտնվում հեղափոխության քաղաքական օպոնենտները կամ նոր իշխանությունների քննադատներն, միգուցե ինչ-որ իմաստով կարելի է հասկանալի համարել էյֆորիկ հոգեկան բռնկումների մեջ հայտնվածների անզուսպ վարքագիծը:
Մինչդեռ՝ այս պարագայում, որևիցե արդարացում չի կարող գտնվել:
Մինչ այսօր իշխանություն դարձածների գերակշիռ մասը ժամանակին արտասահմաններում կարիերա էին անում՝ հայրենիքի պաշտպանության անհրաժեշտության մասին մոռացած, սևազգեստ մայրերի զավակները սեփական անվտանգության հաշվին հայրենիք էին պաշտպանում, ապահովում հասարակության հանգիստ քունն ու անդորրը: Եվ ի՞նչ են հիմա ստանում նրանց ծնած ու սնած ծնողները, մի՞թե ոչ ուրացում ու անարգանք: Մի՞թե սա է այն վերաբերմունքը, որին այս կանայք իսկապես արժանի են, մի՞թե սրա համար են նրանց զավակները սեփական կյանքի հաշվին ծառայել պետությանն ու դեմ կանգնել թուրքին...
Մեկ բան անքննարկելի է՝ սևազգեստ որդեկորույս մայրերը հայտնվել են փողոցում՝ արդարություն որոնողների կարգավիճակում, բնավ՝ ոչ իրենց մեղքով: Արդարության անվերջանալի, բայց ապարդյուն դարձած փնտրտուքն է նրանց հասցրել այդ օրվան, ու եթե ինչ-որ մեկն իսկապես մտահոգ է հեղափոխության ճակատագրով կամ իշխանությունների վարկանիշով, ապա պետք է հասկանա, որ առաջին հերթին հարկ է լուծում տալ այն բոլոր խնդիրներին, որոնք պատճառ են դարձել իրականութան դեմ բողոքի:
Խնդիրները պետք է լուծել, այլ ոչ թե «Ֆեյսբուքում» դրանց վերաբերյալ մեկնաբանություններ թողնել կամ արտաթորել…
Դիտե՛ք տեսանյութը   ՔՊ-ի անդամներ, համակիրներ, դաժան մարդիկ և հեռացրեք ձեր տհաճ ու հայհոյանքներով գրառումները, ներողություն խնդրեք կնոջից, հակառակ դեպքում այնպես է ստացվում՝ ձեզ ուղղորդել են:

Այս նյութը դիտել են - 4732 անգամ