Բարի գործի առաքելություն թոշակառու մեր հայրենակցից
2018-09-27 12:05:00
Շուտով ընթերցողի սեղանին կդրվի իմ նոր գիրքը, որի լույս աշխարհ գալուն նպաստեցին մարդիկ՝ իրենց ազնիվ ու բարի գործի առաքելությամբ: Առանձին-առանձին փորձում եմ շնորհակալությունս հայտնել նրանց, ովքեր ձեռք մեկնեցին ինձ՝ իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասի հրատարակությանը: Հեռուներից եկած այս օգնությունն ուղարկել էր մեր հայրենակից, մոսկվաբնակ թոշակառու Սերգեյ Հովհաննիսյանը՝ 10 հազար ռուսական ռուբլի, համարժեք մոտ 75 հազար դրամի: Շնորհակալությունս նրան՝ իմ գրառումների ակտիվ ընթերցողին, ով հայրենիքի կարոտն ու սերը տեսավ իմ հրատարակվելիք գրքում:
Արցախյան պատերազմը մարտակերտցիներիս զրկեց մեր հարազատ բնօրրանից, օտարության մեջ հայտնված բռնագաղթվածներիցս ոմանք վերադարձանք մեր օջախները, բայց շատ-շատերը մնացին հեռուներում, հաստատվեցին այնտեղ՝ իրենց հայացքը հառած դեպի հայրենիքը: Ու նրանց հիշողության մեջ մնացին այն քանդված օջախները, որ թողել են այստեղ, այն գերեզմանները, որոնց այցելում են երբեմն... Եվ այսպես օտարության մեջ ծլարձակող կարոտը նրանց հոգում ամուր թելերով կապված է պահում այն սուրբ հողը, որտեղ ապրել են տարիներ շարունակ:
Մայր հողի կարոտը երբեմն նրանց բերում է այստեղ, բայց տարիների ընթացքում իրենց ստեղծածը հնարավոր չէ հեռուներում թողնել ու նորից վերադառնալ, և սրտներում բույն դրած հայրենիքի հանդեպ սերը նրանց համար դառնում է այն խոսքը, որ կարդում են սոցցանցերում, այն լուրերը, որ լսում են միմյանցից, այն ապրումները, որ հիշում են անցած օրերից...
Այնպես չէր, որ Մարտակերտում խորհրդային տարիներին բոլորս իրար ճանաչում էինք, գործի բերումով պատահել է, որ իրար հետ չենք առնչվել, բայց գիտեինք մարդուն իր աշխատելու վայրից, ապրած թաղամասից: Այդպես էր նաև իմ օրագրային գրառումների ընթեցողների մեջ «ադնակլասնիկում» ինձ հետ ընկերացած Սերգեյ Հովհաննիսյանը, ում գիտեի որպես հայրենակից, բայց երբևէ չէի առերեսվել նրան՝ ո՛չ Մարտակերտում նրա ապրած տարիներին և ո՛չ էլ այս տարածքում որևէ գրագրությամբ:
Անցած տարվա ծննդյանս օրվա շնորհավորանքների մեջ նա բարեմաղթանքներ հղեց ինձ, նաև գրեց, որ ինքն էլ Մարտակերտից է, երևի չճանաչեմ իրեն: Հնարավոր չէր չհիշել մարդու, ով զինկոմիսարիատի պետ էր եղել տարիներ առաջ՝ դեռ այն խաղաղ օրերին, երբ պատերազմի մասին մեր մտքով անգամ չէր անցնում: Ու շնորհակալությանս հետ զուգահեռվեց իմ խոսքը, որ հիշում եմ իմ հայրենակցին, նաև զգացված եմ, որ ընթերցում է իմ նյութերը:
Անցան օրեր, ամիսներ...Իմ նոր գրքի հրատարակության մասին հոդվածն ընթերցելուց հետո Սերգեյ Հովհաննիսյանը գրեց երկտող, որ ցանկանում է ինձ հետ խոսել: Մոսկվայից հեռախոսազանգն ուրախալի էր, բայց նաև՝ իմ կողմից նրան ուղղված երախտագիտության զգացումով, երբ տարիքային թոշակի անցած իմ հայրենակիցը ցանկություն հայտնեց՝ օգնել ինձ իմ գրքի հրատարակության հաշվով: Երկար չտևեց, երբ օրեր անց ես Արցախբանկից ստացա նրա կողմից ուղարկված գումարը, իսկ իմ կողմից արձագանքը նաև մտահոգությամբ էր լեցուն, որ պետք չէր օտարության մեջ ապրող իմ հայրենակիցն իր թոշակից նման բարեգործություն ցուցաբերեր:
Ասում են՝ շատ ունևորների մոտ մոռացվել է բարերարությունը, բայց գնահատանքի է արժանի նվազ ունևոր մարդկանց առատաձեռնությունը: Շնորհակալությունս օտարության մեջ ապրող մեր հայրենակից Սերգեյ Հովհաննիսյանին, ով հարմար գտավ իր թոշակով աջակցություն ցուցաբերել իմ հրատարակվելիք գրքին:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4005 անգամ