Բոլորը հատ-հատ պատասխան են տալու․ Նաիրա Զոհրաբյան
2018-09-20 22:31:00

«Երևանի խնդիրները մեծ են, իսկ բյուջեն փոքր է. Երևանի բյուջեով հնարավոր չէ լուծել մայրաքաղաքի խնդիրները: Մենք ունենք մի քանի խոշոր ներդրումային փաթեթներ»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԲՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Երևանն ունի բարգավաճելու բոլոր հնարավորությունները:

Ն. Զոհրաբյանի դիտարկմամբ՝ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն առանց վարչապետի վարկանիշի ձայն չէր կարող ստանալ: «Այդ թիմը դիսկուրսը տեղափոխեց քաղաքական դաշտ և սոցիալական ցանցերում անպարկեշտ հայհոյանքների դաշտ: Անբարո մրցապայքար էր… Իմ սկզբունքայնությանը որևէ մեկը թող չկասկածի, միջազգային կառույցներն արդեն ստացել են անվանական փաթեթները՝ գռեհիկ հայհոյանքներով: Այստեղ ես դնելու եմ իմ կյանքը, իմ ամբողջ եռանդը, միջազգային կառույցներում ունեցած իմ հեղինակությունը. բոլորը հատ-հատ պատասխան են տալու»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ չի ուզում ատելությունը և հայհոյանքը դառնան քաղաքական գործոն և կռվան:

ԲՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածուն նաև հավելեց, որ եթե իր քաղաքական թիմին տան վստահության քվե, դիմելու է Երևանի ավագանու ընտրապայքարին մանակցող բոլոր քաղաքական ուժերի քաղաքապետերի թեկնածուներին. «Հորդորելու եմ միանալ և միասին կառավարել Երևանը, որովհետև բոլորի նախընտրական ծրագրերում հետաքրքիր լուծումներ կան: Երևանը չի լինելու քաղաքական մեկ ուժի մոնոպոլիա»,- նշեց ԲՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածուն:

Մանրամասն՝ տեսանյութում:


Այս նյութը դիտել են - 4451 անգամ