Եթե մենակ Ձեր հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, ես Ձեզ ասելու էլ բան չունեմ.Արամ Սարգսյան Armlur
2018-09-19 14:19:00
Նիկոլ Փաշինյանի շուրջը ձեւավորված կառավարության անդամ ուժերի միջեւ կրքերը չեն հանդարտվում, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ` իր դաշնակիցներին կորցնելու ճանապարհին: 
 Մասնավորապես, նախօրեին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին եւ վերջինիս պարզապես հիշեցրեց, թե վերջինս ում օգնությամբ է ընտրվել, ինչպես են իրեն պաշտպանել ելույթներով ու գործողություններով, ու բաց տեքստով հասկացրեց` այլեւս մտածելու են՝ քվեարկե՞լ Աժ արտահերթ ընտրությունների համար, թե՞ ոչ։ «Ո՞նց կարելի է նեղացնել Ձեր հետ ճամփա անցած թիմին: Հո խնդիրը մենակ նրանում չի՞, թե ով Ձեր հետ քայլել է, նա էլ պիտի լինի: Եթե մենակ Ձեր հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, ես Ձեզ ասելու էլ բան չունեմ: Դուք էլ մտածեք, թե ոնց եք անելու արտահերթ ընտրության գնալուց: Որովհետեւ երկու ուժը եւ մեր խմբակցության մնացած չորս անդամներն էլ կանգնած են եղել Ձեր կողքին եւ հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից են: Հիմա ես նայում եմ, էդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք, ի՞նչ անենք: Բա ո՞նց ենք էս խնդիրը լուծելու», – նշեց Արամ Սարգսյանը:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը երեկ եւս հայտարարել է, թե միանշանակ կիսում է Արամ Սարգսյանի հնչեցրած մտահոգությունները: «Իհարկե, մտածելու ենք այդ մասին, եւ որեւէ մեկը հանկարծ մտքի ծայրով չանցկացնի, որ կարող է ժողովուրդ բերել Ազգային ժողով եւ պարտադրել, օրինակ, ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, քվեարկել մի բանի համար, որի համար ես չեմ ուզում։ Ժողովուրդը մեկ անգամ մոբիլիզավեց Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու համար, եւ եթե կարծում են, որ հեղափոխական բառաֆոնդը անընդհատ ասելով՝ «պառկեցնեմ ասֆալտին», «կտանք պատերին» եւ այլ անհասկանալի արտահայտություններով մարդկանց բերելու են, ԱԺ–ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չեք կարողանալու։ Եվ չեք անելու։ Այնպես որ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը մենք դեռ կքննարկենք, եւ ինչ որոշում էլ, որ կայացնենք, լինելու է մեր քաղաքական որոշումը»:
Ստացվում է, որ արդեն իսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում խորհրդարանում առկա ուժերից ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Ելք»-ում ներկայացված մի քանի պատգամավորներ դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններ անցկացնելուն` ասելով, թե կարող են դեմ քվեարկել այնպիսի նախագծերի, որոնք հենց դա են ենթադրում: Եվ եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում առանձնապես շատ հարթ չեն ՀՅԴ-ՔՊ հարաբերությունները, եւ ՀՅԴ-ական պատգամավորները եւս ասում էին, թե ամեն ինչ պետք է Սահմանադրությանը համապատասխան արվի, իրավական դաշտում, ոչ թե ճնշմամբ, ապա չի բացառվում, որ իրենք եւս դեմ կգնան սահմանադրական փոփոխություններ անցկացնելու նախագծին:
Ինչպես հիշում եք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, քանի որ այնքան էլ վստահ չէ, որ Սահմանադրությունում այժմ ամրագրված կետերով նրանց կհաջողվի հասնել ցանկացածին:
Բանն այն է, որ, ըստ Սահմանադրության, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա երկու անգամ վարչապետ չընտրվի, եւ խորհրդարանը լուծարվի: Սակայն վարչապետն այս սցենարում վտանգավոր տարրեր էր տեսնել` մտածելով, թե այդ ընթացքում ՀՀԿ-ն կարող է այլ թեկնածու առաջադրել եւ իր ձայներով անցկացնել նրան: Ասել է թե` մտավախություն կա, որ ՀՀԿ-ն ու խորհրդարանական մյուս ուժերը ներպալատական հեղաշրջում կիրականացնեն: Եվ հենց այդ պատճառով էլ օգոստոսի 17-ի իր հանրահավաքին նա խոսեց սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտադրության մասին, որից հետո հնարավոր կլինի խորհրդարանը տանել ինքնալուծարման: Եվ ավելի հավանական տարբերակ էր, որ այն կմերժվեր խորհրդարանում, սակայն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ ու ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորների աջակցությամբ հնարավոր կլիներ նախագիծը դնել հանրաքվեի, ինչպես եւ կրկին ցանկանում է վարչապետը:
Իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն կարծում, թե Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկածները դա արել են հենց վերջինիս համար: «Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթ ընտրությունների հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Լենա Նազարյանը:
Սակայն պարզվում է` Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ծավալված դեպքերը սպառնում են տապալել բոլոր ծրագրերը. այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը միայն երկու ելք կունենա. կա՛մ հրաժարական կտա, եւ երկու անգամ փորձ կարվի խորհրդարանում վարչապետ ընտրել, ապա միայն հետո գնալ խորհրդարանական ընտրությունների, կա՛մ էլ վախենալով այդ սցենարից եւ այն մտքից, որ կարող են իրեն փոխարինել, Փաշինյանը դատապարտված կլինի մնալ եւ աշխատել հենց այդ Ազգային ժողովի հետ` արդեն մինչեւ հերթական ընտրություններ: Եվ չպետք է մոռանալ նաեւ մի երրորդ սցենարի մասին, որ Փաշինյանին վարչապետ ընտրելուց մեկ տարի հետո արդեն խորհրդարանական ուժերը կարող են նրան անվստահություն հայտնել եւ իրենք էլ ընտրել նոր վարչապետ: Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում :

Այս նյութը դիտել են - 4431 անգամ