Վարչակազմի ղեկավար, ով ձեռք մեկնեց ուսուցչուհուս հրատարակվելիք գրքին
2018-09-17 12:49:00
Շուտով ընթերցողի սեղանին կդրվի իմ «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասը, որի կողքին հպարտորեն կհնչի Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի անունը՝ իր մարդասիրական աջակցությամբ, ուսուցչի աշխատանքի հանդեպ ունեցած իր գնահատողական վերբերմունքով:
Երևակայության արդյունք չէ այն, ինչ գրում եմ, և ոչ էլ գովաբանության ու քաջալերանքի խոսքեր եմ ցանկանում գրել մեկի մասին, ով ինձ զարմացրել էր դեռևս ամիսներ առաջ՝ իր բարի կամքի դրսևորումով, մարդկային ազնիվ վերաբերմունքով, մեկը, ում չէի հասցրել ճանաչել, ում միայն տեսել էի նկարով ու նաև հեռվից, երբ մատնացույց արեցին, որ ահա այն երիտասարդն է շրջանի վարչակազմի ղեկավարը՝ Էդգար Հարությունյանը:
Դա ամիսներ առաջ էր...Նա կարող էր ինձ չնկատելու տալ, բայց նկատեց...
Ու ես հասցրի նրան ասել՝ մի՞թե Աստված է Ձեզ ուղարկել ինձ համար: Այո՛, Աստված էր ուղարկել, համոզվեցի, երբ ձեռք մեկնեց ինձ, երբ հույս ներշնչեց ուսուցչուհուս, որ կարող է օգնություն ցուցաբերել իմ գրքի հրատարակությանը:
Մի՞թե զարմանալի չէ, երբ այդ զրույցից ամիսներ առաջ իմ «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասի հրատարակության հարցով խնդրել էի Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարին, որ պետական միջոցներից որոշ օգնություն ցուցաբերի ուսուցչուհուս, բայց ստացել էի մերժում: Այդ մերժումը, որ հնչեցրել էր նա, իմ ականջներին հասու դարձավ շատ կոշտ, ու ինձ թվաց՝ անարգանքի եմ արժանի, որ համարձակվել եմ այդ գրքի առաջին մասը գրել ու իմ համեստ աշխատավարձով հրատարակել և փորձում եմ երկրորդ մասի հրատարակության համար պետական միջոցներից օգնություն խնդրել:
Ես «մեղավոր» էի, որ սահմանամերձ բնակավայրի դպրոցի իմ աշակերտները տեսանելի են դարձել՝ ի տարբերություն մյուս դպրոցականների, «մեղավոր» էի, որ իմ աշխատանքային գործունեությունը տարածքներ է ընդգրկել, ես «մեղավոր» էի, որ ուրիշ ուսուցիչներ իրենց աշակերտների մասին չեն գրում: Նաև «մեղավոր» էի, որ համարձակվել էի այդ հարցով դիմել նրան, չէ՞ որ ուրիշ շատ ավելի արժանավոր ուսուցիչներ կան, որ նույնպես գրում են, ինչու՞ նրանց գրքերը չհրատարակել պետական միջոցներով...Ցավոք, այդ օրն ինձ հասանելի դարձավ «մեղքերի» առատ բաժին, որի առանցքում իմ գիրք հրատարակելն էր...
Այո՛, զարմանալի էր, որ մերժված ուսուցչուհիս դուրս եկավ նախարարի աշխատասենյակից վիրավորվածության զգացումով, բայց նաև այն համոզմունքով, որ ինչ էլ լինի, պետք է հրատարակի իր գիրքը, իսկ այն քրտնաջան աշխատանքի արդյունք է, մանկավարժի, դպրոցի ուսուցիչների գործունեություն, աշակերտների հետ ուսումնադաստիարակչական համատեղ աշխատանք, մի հրատարակվելիք գիրք, որի օրագրային գրառումները սոցցանցերում հազարավոր ընթերցողներ ունեն:
Ժամանակի ընթացքում ես կանգնեցի փաստի առջև, որ գիրք հրատարակելու համար կրթության համակարգի պետական միջոցները հասանելի չեն ինձ, չնայած 2013-ին իմ առաջին մեթոդական ձեռնարկի հրատարակությունն իրականացվեց նախարար Ս. Ասրյանի կողմից՝ կրթության և գիտության նախարարության ֆինանսական միջոցներով, նաև համատեղ պայմանավորվածությամբ այդ գրքերը բաժանվեցին Արցախի բոլոր դպրոցներին:
Մանկավարժի աշխատանքի նկատմամբ ուշադիր, գնահատված վերաբերմունքի արտահայտություն է, երբ շրջանի վարչակազմի ղեկավարն է ձեռք մեկնում ուսուցչուհու հրատարակվելիք գրքին: Սա իրականություն է, որին հպարտությամբ և երախտագիտությամբ եմ արձագանքում, անսահման մեծ շնորհակալական զգացումով, քանի որ «Մանկավարժի օրագիրը» /2-րդ մաս/ այս օրերին հրատարակվում է 250 օրինակով, որից 100 կոշտ կազմով գրքի հրատարակությանը 400 հազար դրամ գումարով ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը:
Մարդ, ով եկավ ապացուցելու, որ դպրոցը, այնտեղ դասավանդող ուսուցիչը, սովորող աշակերտները պետք է գնահատվեն և արժևորվեն ոչ միայն գեղեցիկ խոսքերով, այլև, հարկ եղած դեպքում, նյութական միջոցներով, պետական աջակցությամբ: Ղեկավար անհատ, ով հավատ ներշնչեց ուսուցչուհուս, որ հնարավորություն ունենամ հրատարակելու մի նոր «Մանկավարժի օրագիր», որն իմ նախորդ հրատարակված երեք գրքերի նման կնվիրեմ մեր աշակերտներին, ուսուցիչներին, հարազատ մարդկանց, իմ լավագույն ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր այս օրերին սպասում են այդ գրքի հրատարակությանը: Եվ ուրախ եմ ու շնորհակալ, որ մեր շրջանը ղեկավարում է մի անձնավորություն, ով գնահատում է իր ուսուցչին ու նրա կատարած հայրենանվեր գործը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 5543 անգամ