Վարչապետի կոչը՝ Սփյուռքին. կարձագանքե՞ն
2018-09-15 22:50:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև հայրենադարձության հնարավորություներին՝ նշելով. «Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող յուրաքանչյուր ընտանիքում անընդհատ այդ թեման պետք է հնչի: 
Կապ չունի՝ ներկաներից քանիսը երբ կվերադառնան, եթե վերադառնան՝ շատ լավ, եթե նրանց երեխաները վերադառնան՝ շատ լավ, եթե երեխաները չէ, թոռները վերադառնան՝ լավ, կարևորը՝ ձևակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է: Եվ այդ վերադարձի գաղափարը պետք է լինի մեր ինքնության, երեխաների դաստիարակության մի մասը, մնացածն ինքն իրեն կստացվի: Կարևորը, որ դա լինի երազանք»:
Փաշինյանի խոսքի հիմքում ընկած տրամաբանությունն, իհարկե, հասկանալի է: Նա փորձում է Սփյուռքում ապրող հայրենակիցներին սեր ու կապվածություն ներշնչել Հայաստանի նկատմամբ, ինչն,անկասկած, ողջունելի է:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ակտիվացան խոսակցությունները հայրենադարության մասին: Ավելին՝ որոշ վիճակագրական տվյալներ փաստում էին, որ տեղի ուենցածից հետո արտագաղթն էապես կրճատվել է, ու գրանցվել էր որոշակի ներհոսք, ինչը հույս էր ներշնչում, որ ամեն բան չէ, որ կորսված է, որ դեռ հնարավոր է հային հայրենասիություն ներշնչել:
Սակայն մյուս կողմից որքան էլ Փաշինյանի կոչը հայրենասիրական հնչի կամ ոգևորիչ, անվիճելի է, որ նմանօրինակ կոչերը կոչեր էլ կմնան, եթե տեղի ուենցած հեղափոխության դրական ազդեցությունը կոնկրետ Հայաստանի տնտեսության վրա իրեն սպասեցնել տա: Քանի դեռ կյանքը Հայաստանում դժվար է ու անասելիորեն թանկ, պետք չէ հույս ուենալ, որ մարդիկ, միայն անսալով հայրենասիրական կոչերին, կթողնեն ամեն ինչ ու կվերադառնան հայրենիք, դժվար, չարքաշ կյանքի:
Հայաստանում ծառացած խնդիրները բազմազան ու բազմաթիվ են, ու, թերևս, դրանք հաղթահարելու լավագույն ուղին նախևառաջ դրանցով զբաղվողների, ի պաշտոնե դրանք լուծողների ճիշտ ընտրությունն է, կադրային քաղաքականությունը՝ մի բան, որը, ցավոք, բավական լուրջ հարցականների տեղիք է տալիս այսօր, ու շատերի համար այդպես էլ անհասկանալի է մնում այն, թե ինչու է Փաշինյանը հաճախ պատասխանատու պաշտոնների նշանակում մարդկանց, ջահելների, որոնց հասարակական կերպարն անհասկնալի է լինում շատերի համար:
Օրինակ, սոցապնախարարության սոցապծառայության պետի տեղակալի պաշտոնում Արսեն Օհանյանի նշանակումը հայկական մամուլում բավական մեծ աղմուկ է բարձրացրել, ու շատերն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե որն է այդ երիտասարդի այն բացառիկ առավելությունը,որը հիմք է դարձել՝ սոցիալական նման կարևոր պաշտոնին նրան կարգելու:
Որքան էքսցենտրիկ, այնքան ժողովրդավա՞ր: Մի՞թե սա է կադրային նոր քաղաքականության փիլիսոփայությունը…
Բոլոր դեպքերում հույսը վերջում է մեռնում, ու մնում է ուղղակի հույս հայտնել, որ հեղափոխությունն իսկապես սկիզբ կդնի Հայաստանի վերածննդին, կդառնա այն ամուր հենասյունը, որին հենվել կկարողանան ոչ միայն ՀՀ քաղաքացիներն, այլև Սփյուռքը:
Առայժմ,սակայն, այս ուղղությամբ կարծես առաջընթաց չի նկատվում:
Այս նյութը դիտել են - 13548 անգամ