Հավերժի ճամփորդը...
2018-09-14 00:48:00
Երեք օր առաջ էր, քաղաքից դուրս էինք : Տուն վերադառնալուն պես հայաստանյան վերջին իրադարձությունների վերաբերյալ սկսեցի նյութեր աչքովս անցկացնել ու այդ պահին աչքովս ընկավ Կիմա Եղիազարյանի նյութերից մեկը՝ քաղաքապետի թեկնածուներից մեկի վերաբերյալ , ընթերցեցի ու որոշեցի թեմայի շուրջ զրուցել արհեստավարժ լրագրողի հետ՝ կիսվել մտքերովս: 
Բացեցի նրա ֆեյսբուքյան էջն , ու պարզվեց՝ անհասանելի է : Անմիջապես մտածեցի՝ միգուցե ինձ է՞լ է շատերի նման արգելափակել՝ չնայած հասկանում էի , որ նման բան գործնականում բացառված է, քանի որ մենք վաղեմի ընկերներ ենք, մարդկային ջերմ հարաբերությունների մեջ ենք գտնվել երկար տարիներ, ու նման բան պարզապես չէր կարող լինել: Քրտինքը վրաս տված՝ որոշեցի զանգահարել Կիմային ՝ տուն , սակայն պատասխանող չեղավ , ինչը , թերևս , բացառիկ դեպք էր , քանի որ երբեք նման բան չէր եղել, ու զանգերս նախկինում միշտ պատասխան էին գտել:
Առավոտյան արթնանում եմ ու հանկարծ կարդում եմ Կիմա Եղիազարյանի մահվան բոթը գուժող նյութը: Աչքերիս չեմ հավատում՝ կարծելով՝ սա հերթական կեղտոտ քայլն է՝ ընդդեմ Կիմայի՝ հակառակ ճամբարից: Կարճ ժամանակ անց հասկացա,սակայն, որ իրականությունը շատ ավելի սարսափելի է, քան կարող էի անգամ երևակայել:
Կիման այլևս չկար...
Բոթն այնպիսի շոկի մեջ գցեց ինձ, այնպիսի հոգեբանական հարված հասցրեց, որ երկար ժամանակ չէի կարողանում սթափվել, ու անգամ չկարողացա ժամանակին ցավակցել՝ չնայած այդ ընթացքում բազմատաղանդ լրագրողին մոտ կանգնած շատ մարդիկ արդեն հասցրել էին վշտակցել Կիմայի ընտանիքին:
Մինչդեռ, ես, որ մտերիմ հարաբերություների մեջ եմ գտնվել Կիմա Եղիազարյանի հետ՝ ծանոթ լինելով նրան դեռ 2006-ից, մշտապես հանդիսացել եմ նրա սուր գրչի երկրպագուներից մեկը, փաստացի ի վիճակի չեղա ժամանակին վշտակցությունս հայտնել նրա հարազատներին, ինչը մեծ ցավ է ինձ համար: Նա դեռ «Հայոց աշխարհ»-ի լրագրող էր, երբ հմայվելով նրա սուր գրչով՝ որոշեցի զանգահարել խմբագրություն ու գլխավոր խմբագրից խնդրել նրա հեռախոսահամարը՝ շփվելու, ավելի մոտիկից ճանաչելու նրան, ում գրիչն այդքան հոգեհարազատ էր ինձ:
Պետք է խոստովանել, որ Կիմա Եղիաղազարյանն իմ կյանքում լրագրության մեջ մեծ ազդեցություն է ունեցել: Շատ բաներ, լրագրողական աշխատանքին առնչվող գաղտնիքներ հենց նա է ինձ տվել՝ օգնելով կռել սեփական ուղին այս ասպարեզում:
Կիման, հանդիսանալով թատերագետ, իսկապես տաղանդավոր լրագրող էր, սուր գրչի տեր բացառիկ մասնագետ, ով,սակայն, պետք է ասել,որ այդպես էլ որոշ մարդկանց մոտ չգնահատվեց հավուր պատշաճի, ինչի պատճառն, ըստ էության, նրա ուղղամտությունն ու գաղափարական լինելն էր:
Կիման ոչ մի րոպե չի դադարել անարդարության դեմ կռիվ տալուց՝ մշտապես արդարությունը վեր դասելով սեփական շահերից՝ մի բան, որը, ցավոք, մեր օրերում իսկապես բացառիկ մարդկային հատկանիշ է դարձել:
Նա պայքարող էր իր տեսակով ու հանուն սեփական գաղափարների կռիվ տվող:
Կիմային վերջին անգամ տեսել եմ մոտ երկու տարի առաջ, (թեև հեռախոսով շատ-շատ ենք շփվել ), երբ մի քանի օրով Երևանում էի, զանգահարեցի ու ասացի՝ գալիս եմ քեզ տեսնելու՝ միաժամանակ խնդրելով ինձ տրամադրել մեկ-երկու լավ գիրք ընթերցելու համար: Երբ հանդիպեցինք, նա իր հետ բերել էր ավելի մեծ թվով գրականություն, քան խնդրել էի: Միաժամանակ հետը բերել էր իր պատրաստած տնական մուրաբաներից՝ ասելով, գրքերը քեզ, մուրաբաները Գոհարիս (նկատի ուներ մայրիկիս):
Այս փոքրիկ դրվագը, թերևս, հրաշալիորեն բնորոշում է, թե իրականում ինչպիսի մարդկային որակների տեր էր Կիման ու թե ինչքան էր գնահատում մարդկային անկեղծ հարաբերություններն ու ընկերությունը: Երբե՛ք, թիկունքից չէր հարվածի ոչ մեկին: Ինչ ուներ՝ պարզ ասում էր:
Չեմ կարողանում հավատալ, որ Կիման այլևս մեզ հետ չէ: Չեմ կարողանում հավատալ, որ իմ զանգերին այլևս Կիման չի պատասխանելու: Չեմ կարողանում հավատալ, որ իսկական ընկեր եմ կորցրել ու, վստահաբար, ոչ միայն ես, այլև բոլոր նրանք, ովքեր Կիմային ճանաչել են, գեթ մեկ անգամ շփվել:
Ցավոք, ինչպես բոլոր արդարամիտ մարդիկ, Կիմա Եղիազարյանը նույնպես կյանքում հաճախ ստիպված է եղել բախվել արգելքների, պայքարել նրանց դեմ, ովքեր սովոր են ճշմարտությունը վաճառքի հանելու գնով սեփական բարեկեցության հարցերը լուծել ՝ չենթարկվելով գաղափարական կապանքներին : Ու նույնիսկ հիմա, երբ նա այլևս չկա, որոշներ ցավալիորեն կրկին վատաբանում են նրան, հակադրվում ու փորձում նման կերպ ինքնահաստատվել: Այնինչ պետք է որ մարդկանց մեջ սեր ու համերաշխություն տիրեր՝ անկախ ունեցած հայացքների տարբերությունից, անկախ այն բանից, թե ով ինչպես է մտածում կամ ինչ քաղաքական համոզմունքի տեր է:
Վերջիվերջո, համաձայնեք, որ քաղաքականությունն այն երևույթը չէ, որի համար արժե հարաբերություններ փչացնել կամ միմյանց «միս ուտել»: Այսօր սա է իշխանության գլուխ, վաղը նա, և ուրեմն՝ ո ՞րն է անիմաստ միսկրծոցիի բուն նպատակը: Ոչ մի իմաստ …
Մարդն ապրում է ճիշտ այնքան, որքան նրան հիշում են: Կիմա Եղիազարյանը կապրի հավերժ, քանի որ բազում են նրանք, ովքեր ոչ միայն մշտապես վառ են պահելու նրա մասին թանկ հուշերն, այլև կրողն են լինելու այն լավագույն ձեռագրի, որ իրենից հետո թողեց բազմատաղանդ լրագրողը:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 7101 անգամ