Շարադրանքի վերջաբա՞նն էր անսովորը, թե՞ իմ աշակերտուհին
2018-09-12 09:54:00
12-րդ ա դասարանում, դասանյութի թեմային համահունչ, հայոց լեզվի դասաժամին աշակերտներին առաջարկեցի շարադրել գիտական և գեղարվեստական ոճով որևէ տեքստ՝ իրենց ընտրած մեկ բառով կամ բառակապակցությամբ: Քրիստինե Կարապետյանի Սահմանադրության մասին գիտական շարադրանքն ընկալվեց բոլորիս կողմից շատ դյուրին: Այն նաև տեղեկություն էր, թե տարբեր երկրների սահմանադրություններ քանի հոդվածներից ու գլուխներից են բաղկացած: Ես րոպեներ առաջ ցանկանում էի իմանալ, թե իր նախընտրած «Սահմանադրություն» վերնագրով նա ինչպես է ստեղծագործական շարադրություն գրել:
Շատ հետաքրքիր էր օրենքի երկիր ԱՄՆ Սահմանադրության հոդվածների սակավ ու մեզ մոտ շատ ավելին լինելու փաստը: Իմացանք, որ Հնդկաստանի սահմանադրությունն ամենաերկարն է, որն ունի 448 հոդվածներ, 12 աղյուսակներ, 100 փոփոխություններ և լրացումներ, մինչդեռ Միացյալ Նահանգներն ունի ամենակարճ գրավոր Սահմանադրությունը՝ 7 հոդվածներ, 27 փոփոխություններ և լրացումներ: Իմ աշակերտուհու խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է նախաբանից և 220 հոդված ներառող 9 գլուխներից, Արցախի Սահմանադրությունը՝ 175 հոդված ներառող 12 գլուխներից:
Շուտով նա սկսեց կարդալ իր ստեղծագործական շարադրությունը. «Մենք մեղավորներ ենք փնտրում, այնինչ միակ մեղավորը մենք ինքներս ենք: Կատարելություն ենք երազում՝ կորցնելով իրականությունը: Մտածում ենք, որ ժամանակ կունենանք ինչ-որ բան փոխելու, ժամանակը կգա, բայց չենք հասկանում, որ ժամանակը գնում է, ոչ թե գալիս: Ապրում ենք, բայց չգիտենք՝ գիտակցվա՞ծ թե՝ ոչ: Այնքա՜ն բաներ կան, որոնք մարդուց չեն կախված, բայց մենք կպած ուզում ենք տաշենք, փոխենք՝ թողնելով այն, ինչը կարող ենք իսկապես փոխել:
Մեր հույսը դրած հրաշքի վրա, հրաշքի ենք սպասում: Մենք երբեմն դնում ենք մեզ հասկացող մարդու տեղ, բայց պետք եղած ժամանակ անհասկացող ենք դառնում: Ամեն ինչ ու ամեն ոք իր գինն ունի այս աշխարհում, հանկարծ չփորձենք բոլորի համար թանկ լինել ու թույլ չտանք, որ մեզ էժան համարեն: Ուշադիր լսենք մեր սրտի ձայնին և ուղեղի օգնությամբ հասնենք մեր նպատակներին: Սա մեր կյանքն է, ուրեմն մե՛նք լինենք մեր թագավորն ու դատավորը: Թույլ չտանք՝ խառնեն մեր սահմանադրությունը, ու միշտ շարժվենք մեր ճշմարիտ քաղաքականությամբ:
Ես կամ, ապրում ու գործում եմ: Եվ գործելու եմ մինչև վերջ՝ վայելելով ու երբեք չմոռանալով, որ կյանքիս պատասխանատվությունը միայն ինձ վրա է: Թող գրողի ծոցը կորչեն բոլոր վախկոտները, ովքեր, իրենց վախկոտությունը չափանիշ դարձրած, փորձում են մեզ՝ Սահմանադրությամբ շարժվողներիս հետ համեմատվել: Երբեք չկանգնենք ու չվախենանք: Մենք ծնվել ենք, որ աշխարհին ցույց տանք, թե ովքեր ենք: Հաղթելու դեպքում հաղթողը մենք ենք, պարտվելու դեպքում էլ հաղթողը մենք պիտի լինենք»:
Նա կարդաց, բոլորս ուշադիր լսեցինք, իսկ ես, չգիտեմ ինչու, ցանկացա ինքս էլ կարդալ այդ շարադրությունը: Անակնկալի եկա նրա գրած վերջաբանից. «Շնորհակալություն ցնդաբանությանս հետևելու համար»: Զարմացած նայեցի նրան, իսկ նա լուռ ժպտում էր:
...Բայց արդյո՞ք այն ցնդաբանություն էր, երբ իր ասելով, երբեմն սիրում է մտածումներով տարբերվել մյուսներից, թե՞ իրական կյանքի լաբիրինթոսում հայտնված դպրոցականի խառը մտորումներ են, որ երբեմն տանում են նրան՝ մտքերը գրավոր արտահայտելու ազատության: Ինչպիսին էլ, որ ընկալվելու լինի իմ աշակերտուհու այս «ցնդաբանությունը», նկատելի է մի ճշմարտություն, որ նա ցանկանում է առանց վախենալու, համարձակորեն ապրել Սահմանադրության օրենքին հավատարիմ մի այնպիսի երկրում, որտեղ աշխարհին ցույց տալու շատ բան կլինի:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2348 անգամ