Հարգելի Հայկ, դու լա-ա՜վ տղա ես, բայց… քաղաքապետացու չես
2018-09-06 21:42:00
Բաց նամակ Հայկ Մարությանին
Հարգելի Հայկ, դու լա-ա՜վ տղա ես, բայց… քաղաքապետացու չես: Մի նեղանա: Ես հավատում եմ քո նվիրմանը, ինքնահրկիզվելու պատրաստակամությանը, ազնիվ ձգտումներիդ: Սակայն, այդ բոլորը սոսկ անհրաժեշտ ուղեկցորդ են այն գլխավոր որակներին ու հմտություններին, որոնք պետք է ունենա հայոց հինավուրց մայրաքաղաքի քաղաքապետը, և որոնք, ցավոք, դու չունես:
Գիտեմ, յուրաքանչյուր կատակերգու ներքին ապրումներում ողբերգակ է, այսինքն, շատ ավելի լուրջ, խորը և դրամատիկ է վերապրում բոլոր այն երևույթները, որոնք ինքը կատակերգական է ներկայացնում՝ իր տաղանդով:
Բայց ամեն ողբերգակ էլ չի կարող քաղաքապետ լինել:
Որպես կատակերգու էլ լավ հետք չես թողել:
 Գռեհկաբանություններն ու ծամածռությունները, փողոցային ժարգոնն ու թիթիզություն-լկտիություն ամպլիտուդ ունեցող քո դերակատարումները բացասական ազդեցություն թողեցին նոր սերնդի սաղր մտածողություն ու ճաշակ ունեցողների բարոյահոգեբանության վրա:
Եթե քեզ լուրջ ու հայրենասեր մտավորական ես համարում, խղճի խայթ պիտի զգայիր: Բայց՝ չէ, առաջ ես մղվում՝ ջանալով կոտրել քո հայտնի հանրային կերպարի կարծրատիպը: Չի ստացվում:
Նիկոլ Փաշինյանը, ցավոք, իր ակտիվ համախոհների մեջ, կամ, այսպես ասենք՝ պայքարի ընկերների մեջ, ուժեղ և հմուտ կադրերի մեծ պակաս ունի: Դա արդեն իսկ նկատելի է: Նա ստիպված է ոմանց, այդ թվում՝ քո, խաթրն առնել, վարձհատույց լինել պայքարի դժվարին օրերին իր կողքին անդավաճան լինելու համար:
Սակայն, այդ որակն էլ քիչ է Երևանը ղեկավարելու համար: Քո ամենամեծ ու դրական քայլն այն կլիներ ( որը նաև պատիվ կբերեր քո թիմին), որ դու արժանապատվորեն ինքնաբացարկ տայիր: Չարեցիր, չես էլ անելու: Ավելին, իմ անկեղծ այս հորդորը ընդունվելու է որպես շանտաժ, հակահեղափոխականի, ազգի դավաճանի մեքենայություն: Անգամ քո թիմակիցներից նրանք, ովքեր սրտի խորքում կիսում են իմ և շատ-շատերիս այս անհանհանգստությունը, բայց գնալու են ու քո օգտին են քվեարկելու, նրանք էլ են ինձ քարկոծելու՝ «յուրայինի» իրենց տեղը պահելու համար: Մինչդեռ, քո քաղաքապետ լինելը բոլոր յուրայիններիդ սրտովը չէ: Դա էլ չես ընդունի, բայց դա այդպես է, իրողություն է:
Ասում եմ՝ թիմդ, թիմակիցներդ ու նեղվում եմ ի՛մ ու քո-ի այդ բաժանումից: Հավատաք-չհավատաք, ձեր գործն է, բայց այդ անջրպետը ինքներդ եք անընդհատ խորացնում, շեշտում, որ հեղափոխության ակտիվիստները վերին արտի ցորենից են, իսկ մյուսները որոմ են: Մինչդեռ, հարյուր հազարավորներ, անկախ կուսակցականությունից, տարիքից, հասարակական դիրքից, ողջունել ու ողջունում են թավշյա հեղափոխության հաղթանակը: Ողջունելով, նաև զգուշանում են էյֆորիայի շարունակվող իներցիայից, որը լավ բանի չի հանգեցնելու: Ես նրանցից մեկն եմ: Եվ այդ իներցիայի արդյունք եմ համարում նաև քո առաջադրվելն ու անպարտելի լինելու, ժողովրդին սև-սպիտակի բաժանելու սխալ, վնասակար ինքնաներշնչումը:
Մի՛ արա:
Հարգանքով՝ Սամվել Խալաթյան
Այս նյութը դիտել են - 6660 անգամ