Այսօր Արցախի անկախության օրն է
2018-09-01 23:19:00
Մենք ո՞վ ենք, որ հզոր արծվի թևերի ճախրանքով հաղթանակ կերտել գիտենք, բայց ազատ ու անկախ երկրի երազանքներ ունենք: Ասում ենք՝ այս փոքրիկ երկրի անկախությունը ճանաչված չէ մեր ոխերիմ թշնամիների, նաև՝ շատ երկրների կողմից: Բայց կա՞ մի այլ երկիր, որ այնքան ճանաչված լինի, որքան Արցախն է և ազատության մեջ ճախրող նրա ժողովուրդը:
Անկախությունն արցախցիներիս համար վաղուց դարձել է մեր օդն ու ջուրը, որ ապրեցնում է մեզ այստեղ, ու երբեմն թվում է, թե ապրում ենք մենք էլ այն լիակատար կյանքով, ինչպես աշխարհի շատ ժողովուրդները: Ու ազատ ապրելը դառնում է մեզ համար կապույտ երկինք, խաղաղության երազանք, մայրամուտի նարնջագույն ցոլքեր, գիշերային անդորր, արևագալի սպասում...
Մեր ազատ ու անկախ ապրելը սահմանին կանգնած զինվորի խաղաղ ծառայությամբ է չափվում, այն անզուսպ ծիծաղով, որ նրանց վերադարձի անթիվ-անհամար երջանիկ սպասումներով են լցված, մայրերի հրճվանքով ու հպարտությամբ, ովքեր զինվոր որդիներ ունեն, որ հայրենիք են պաշտպանում:
Այս ազատ ու անկախ կյանքը շաղախված է արցունքներով, որ ամեն անգամ հողին ենք պահ տալիս, այդ սրբացված հողի տակ հանգչող զոհերին, այն քարե քանդակներին, որ հուշարձան են դարձել, հավերժացած անուններ:
Արցախում ազատ ու անկախ ապրելը մեր գոյաձևն է, այդ մենք ենք ընտրել մեր ազատ ապրելու իրավունքը, երբ անհոգ մանկություն կա մեր շուրջը, հպարտ սերունդ, որ հայրենիքը շուրթերին առած՝ խաղաղ ապրելու կոչ է հնչեցնում ու ո՛չ ասում պատերազմին:
Մեր անկախությունն այսօր էլ տեսնում ենք մարտական ուղի անցած բոլոր ազատամարտիկների, պատերազմների հաշմանդամների հայացքներում, անմահացած հերոսների մասին հիշողություններում, անհայտ կորած հայորդիների վերադարձի սպասումներում, հայրիկներ կորցրած երեխաների երազանքներում:
Այստեղ ազատ ու խաղաղ կյանքը հայոց երկրի անվրդով ու հանդարտ օրերով է պայմանավորված, որ երբեմն հույզերի ու նոր ապրումների տեղիք են տալիս, երբ մարդ արարածն իր արդար ապրելու ուղուց է շեղվում:
Մենք ազատ ենք ու անկախ, երբ ամեն օր երկիրը շնչում է, ապրում, զարգանում, երբ ամեն օր մեր շուրջը մանկան ճիչ է լսվում, երեխաների աղմուկ-աղաղակ, անհոգ ծափ ու ծիծաղ... Երբ ամեն անգամ երգ ու պարն է թևածում Անկախության տոնին, որ ազդարարում է մեր նոր օրերի ազատ կյանքը և հավերժ ապրելու կամքը:
Այդ իսկ ազատության ու անկախության ամուր հավատով շնորհավորում եմ բոլորիս տոնը, ցանկանում հայոց երկրին հավիտենական խաղաղություն ու բարգավաճում, անձնական ու անանձնական երազանքների իրականացում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4375 անգամ