ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
2018-08-29 14:56:00
Կոռուպցիայի, կաշառակերության, անօրինականության զարհուրելի շերտով է պատված մեր երկրի պատմության և կառավարման վերջին ավելի քան 2,5 տասնամյակները: 
Եվ այդպես էլ պետք է լիներ, որովհետև իշխանության եկած ղեկավարները տառապում էին քոչվորի, ընչաքաղցի հոգեբանությամբ: Իշխանությունները և բացասական դերակատարում ունեցած կուսակցությունները, ոչ միայն ոչինչ չստեղծեցին, ոչ մի նոր՝ լավ բան չտվեցին Հայաստանին, այլև չընդունեցին ժողովրդի առողջ ուժերի լավագույն առաջարկությունները: 
Քանդեցին երկրի ներսում տասնամյակների ընթացքում ձեռք բերված արժեքները, կեղծեցին ընտրությունները, մեծացրին աղքատությունն ու գործազրկությունը, առաջ բերեցին սով, որը տասնամյակներ շարունակ չենք ունեցել, ներգաղթի երկիր Հայաստանը դարձրին արտագաղթի դասական երկիր:
Եվ զարմանալին այն է, որ դեռ ոչ ոք պատասխան չի տվել երկիրն այս ծանր վիճակին հասցնելու համար, որ նախկին իշխանավորների մի զգալի մասը հիշողության կորուստ ունի՝ չի հիշում, թե ինչ էր կատարվում տարիներ շարունակ:
Նրանք, ովքեր օգտվում էին կերակրատաշտից, այսօր ուզում են, որ նախկին հետադեմ ուժերը վերադառնան, դրական առաջընթացը պոպուլիզմ են որակում: Առանձին անհատներ փորձում են քաղաքականություն վերադառնալ, կուսակցություն ստեղծել:
Մեծագույն ցավն այն է, որ խորհրդարանում դեռ գոյություն ունեն մեղմ ասած ,,ժամկետանց,, պատգամավորներ, ովքեր ողջունում են հների վերադարձը...: Մինչև երբ:
Յուրիկ Մուրադյան
Այս նյութը դիտել են - 3489 անգամ