Կեսդարյա մասնագիտական ճանապարհ
2018-08-03 01:32:00
Հրավիրված էի Մարտակերտի Ռ. Բազիյանի անվան շրջանային հիվանդանոց, առիթը բժիշկ Սերգեյ Օհանյանն էր, ով կեսդարյա իր աշխատանքային գործունեությունից հետո հանգստի էր անցնում՝ իր իսկ ցանկությամբ: Գեղեցիկ անակնկալ, որ կազմակերպվել էր հիվանդանոցում՝ արժանավոր մարդուն երախտագիտության խոսք ասելու, մի անցած ճանապարհ գնահատելու համար:
Ականատեսն եմ տարբեր ելույթների, որ հնչում են ամբիոնից, դրանք միայն խոսքեր չեն, հույզեր կան այնտեղ, գնահատանք տնօրենության, տարբեր բժիշկ-բժշկուհիների կողմից, որ սովոր են եղել միշտ տեսնել նրան իրենց կողքին, լսել նրա խորհուրդները, զինվել նրա իմացությամբ, տեսել նրա մարդասիրությունը, նվիրված աշխատանքը, հպարտացել, որ աշխատում են համատեղ:
Ու նրանք հնչեցրած խոսքերում մարդկային վեհ զգացումն էր տարածվել շուրջբոլորը, որ ասվում էր անկեղծ, առանց չափազանցության, ու ներկա գտնվողներիս համար ստեղծվել էր մի մտերմիկ միջավայր՝ բուժաշխատողների շրջապատում լավագույն մարդուն մատուցած այդ գեղեցիկ անակնկալով, որ հիացմունքի էր արժանի:
Անցած մի ճանապարհ, որ հպարտությամբ հնչեցնում են հիվանդանոցի տնօրեն Գագիկ Օհանյանը, բժշկուհիներ Լուսինե Իսկանդարյանը, Մարինե Պետրոսյանը, բժիշկ Խաչիկ Մելիքյանը...Եվ որքա~ն հարազատական, այն համոզմունքով, որ միշտ էլ կզգան բժիշկ Օհանյանի կարիքը, միշտ կհիշեն նրա խորհուրդները, բայց զարմանալի չէր նաև, որ իր գործի նվիրյալը պատրաստակամություն հայտնեց, որ միշտ էլ նրանց կողքին կլինի՝ անգամ մի փոքր «ահազանգի» դեպքում, չնայած ինքն էլ, տարիքի հետ կապված, երբեմն նրանց կարիքը կունենա:
Տարիներ շարունակ նա հանդես է եկել որպես լուրջ, խոհուն բժիշկ, տիրապետել է հիվանդների բուժման տարբեր մեթոդների, գիտելիքների իր զինանոցը փոխանցել մյուսներին, Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ միշտ հենվել բժշկության իր հարուստ փորձի վրա:
Ասում են՝ Հերացին մեծ տեղ էր հատկացնում և լուրջ ուշադրություն դարձնում հիվանդների ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը: Նա առաջարկում էր. «Զբաղեցրու՛ (հիվանդին) խաղերով և կատակներով ու ամեն միջոցով նրան ուրախացրու՛. թող որքան կարելի է հիվանդը շատ լսի գուսանների երգը, լարերի հնչյունը և հաճելի մեղեդիներ»:
Միշտ էլ իմ գիտակցական կյանքում լսել եմ Օհանյան բժշկի մասին ու առասպել չէ, որ պատմել են, թե քանի՜ -քանի հիվանդների է բուժել, որքան օրհնանքներ է ստացել, և ինձ թվացել է, թե հերացիական ներշնչման այն երաժշտությունն իրեն ուղեկցել է, երբ ժպտալով ու արտաքուստ անհոգ տեսքով մոտեցել է հիվանդին: Եվ երբ ապաքինվել են հիվանդները, կարծես թե այն գուսանական լարերի հնչյունների արձագանքն են իրենց հոգում տարել, իրենց հետ մի գեղեցիկ անուն բժիշկ Սերգեյ Օհանյանի մասին, ու նրա շուրջը հնչել են նաև հիվանդանոցի տարբեր բուժաշխատողների մասին զրույցներ, որ օրհնաբանությամբ են օծվել, երախտիքի խոսքով:
Ես չեմ գրում բժիշկ Սերգեյ Օհանյանի աշխատանքային գործունեության անցած ճանապարհի ձեռքբերումների մասին, թեպետ այն կյանքի մի դպրոց է: Վաստակավոր մի հարուստ ուղի կա, գնահատված աշխատանք, բազմաթիվ պարգևատրություններ, արժևորված մարդու հարուստ փորձ, ու թումանյանական լավագույն գործի անմահության գաղափարը նրան ուղեկից է միշտ՝ իր փայլուն կենսագրությամբ, որի մասին միշտ էլ ասելիք ունենք:
Նա մեզ միշտ էլ երևացել է իր աշխատասիրությամբ, որ անսպառ է, օրինակելի: Սիրված է իր ընտանիքում, մեծագույն հարգանքով շրջապատված հասարակության մեջ, հայրենասիրական զգացումով օժտված, որ առավելապես ուղեկցել են նրան պատերազմական օրերին: Ես գործի բերումով առնչվել եմ նրա հետ շրջվարչակազմի ղեկավար աշխատելու տարիներին, բազմիցս զարմացել, որ նա միայն բժիշկ չէ, այլ՝ բազմաբեղուն աշխատանքային փորձ ունեցող անհատականություն:
Որպես ղեկավար՝ նա մի օր մասնակցել է իմ կազմակերպած բացդասին, գոհություն հայտնել, զրուցել դասի թեմային համահունչ գրողի մասին: Ու այդ օրը համոզվել եմ նաև, որ Իսահակյանի հերոսի խոսքերը, որ մարդու կյանքն անցողիկ է, նրա գործը՝ մնացող, միշտ էլ կուղեկցեն նրան:
Տարիների ընթացքում, մասնագիտությանս հետ կապված, առնչվել եմ նրա ընտանեկան գեղեցիկ գերդաստանի տարբեր անձանց հետ: Նրա մարդկային նկարագրին հաճախ առնչվում եմ նաև պատահաբար հանդիպելիս, դպրոցի ճանապարհին...Ու բժիշկ Սերգեյ Օհանյանի մասին հնչեցրած երախտագիտության խոսքերի ուղեկցությամբ՝ սրտանց ցանկանում եմ նրան ամենայն լավն ու բարին, խաղաղ հանգիստ, արցախյան երկարակեցություն:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 8563 անգամ