Վաչագան Ղազարյանի ազատ արձակման համար 1 մլրդ դրամը կտրամադրի ռուսաստանաբնակ մեծահարուստ, ԱՄՆ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Ալբերտ Ավդալյանը. «Ժողովուրդ»
2018-07-23 21:14:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ապօրինի հարստացման մեջ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու մասին: Ըստ այդմ` Ղազարյանը կալանքից ազատ կարձակվի 1 մլրդ դրամ գրավը վճարելուց հետո: Երեկվա դրությամբ այդ գումարը վճարված չէր, եւ Ղազարյանը շարունակում է մնալ կալանավայրում: 
Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մոտ օրերս այս հարցը հնարավոր է լուծում ստանա:
Ըստ շրջանառվող տեղեկությունների` 1 մլրդ դրամ գումարը Ղազարյանի ազատ արձակման համար տրամադրելու է ռուսաստանաբնակ մեծահարուստ, ԱՄՆ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Ալբերտ Ավդալյանը:
Նշենք, որ նախորդ տարի Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունը հրապարակել էր ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ յոթ հայազգի գործարարներ էին ընդգրկվել, վարկանիշի 123-րդ տեղում էր նաեւ Ավդալյանը՝ մոտ 800 մլն դոլար կարողությամբ:
Թե ինչո՞ւ է հենց նա վճարելու Ղազարյանի գրավը, ի՞նչ կապ կա նրանց միջեւ, դժվար է միանշանակ ասել. այս թեմայով ընդամենը կարելի է եզրակացություններ անել:
«Ժողովուրդ» օրաթերթը լուրերը փորձեց ճշտել նաեւ Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանից, սակայն ապարդյուն. նա չէր պատասխանում մեր բազմաթիվ հեռախոսազանգերին»:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում :
Այս նյութը դիտել են - 4730 անգամ