Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի տարօրինակ որոշումը
2018-07-22 15:11:00

Էջմիածնի քաղաքապետարանի՝ հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 20-ը մանկապարտեզներում արձակուրդ հայտարարելու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի որոշումն առաջացրել է մի խումբ բնակիչների դժգոհությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գասպարյանը  Facebook-ի իր էջում գրել էր, որ պայմանավորված շոգ եղանակով մեկ ամսով մանկապարտեզները չեն աշխատի: Սա էլ դժգոհության առիթ է տվել հատկապես այն ծնողներին, ովքեր աշխատում են:

 Irakanum.am-ի հետ զրույցում ոմանք տարակուսանք հայտնեցին նման որոշումից: «Հասկանում ենք, որ մեր երեխաների մասին են մտածում, բայց հնարավոր չէ՞ր հարցին այլ լուծում տալ: Մեկ ամիս երեխաները մանկապարտեզ չեն այցելելու, իսկ մենք աշխատում ենք, եթե այդպես է թող կառավարությունն էլ մյուսներին մեկ ամսով արձակուրդ ուղարկի, եւ աշխատավարձն էլ վճարի, որ մնանք տանը եւ երեխաներին նայենք»,- ասաց ծնողներից մեկը:

Չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնել էր, որ մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է ներկայացնել ցուցակ, թե մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից քանիսն են «դեմ» եւ քանիսն են «կողմ» որոշման կայացմանը եւ պարզվել է, որ հարցված 1194 ծնողից դեմ է արտահայտվել ընդամենը 25-ը կամ 2,1%-ը, այնուամենայնիվ ոմանք ասացին, որ շատերն են դեմ, պարզապես այդ պահին այլ կարծիք հայտնել չեն կարողացել:

Թե ինչու քաղաքապետարանը խնդրի լուծման այլ տարբերակ չի մշակել պարզ չէ: Առնվազն կարելի էր մանկապարտեզներում տեղադրել օդորակիչներ: Եթե քաղաքային իշխանությունը չի տնօրինում այդ միջոցներին, հնարավոր էր կառավարության պահուստային ֆոնդից գումար խնդրել, կամ ի վերջո դիմել բարերարների աջակցությանը: Սակայն այս ամենից եւ ոչ մեկը չի կատարվել: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ուղղակի որոշել է, շոգ է, երեխաները թող տանից դուրս չգան: Ձմռանն էլ բնականաբար ցուրտ կլինի եւ երեխաներին դարձյալ արձակուրդ կուղարկեն:

Հ.Գ. Պարզ չէ, նաեւ այն հարցը, թե մեկ ամիս հարկադիր պարապուրդի ուղարկված մանկապարտեզների աշխատակիցները վճարվելու են, թե ոչ:

Այս նյութը դիտել են - 5005 անգամ