ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին
2018-07-19 13:32:00
18.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն են այցելել Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետները: Ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և անցումային արդարադատության ոլորտներին առնչվող հարցեր, ներկայացրել անցումային փուլերում տարբեր երկրներում իրենց կուտակած երկարամյա փորձն ու կատարած աշխատանքները:
Անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությանը` ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ ծառայության նկատմամբ հանրային կարծիքը վերջին շրջանում շատ մեծ փոփոխության է ենթարկվել, ինչը նաև պայմանավորված է կառույցի բաց և հրապարակային աշխատանքով. «Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության առաջնահերթությունը բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավմամբ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն է: Այդ կապակցությամբ կարևորում եմ նոր մեթոդների ներդրումն ու կիրառումը, մասնավորապես, փողերի լվացմանն ու ապօրինի հարստացմանն առնչվող հանցագործության դեպքերի քննության գործում: Կարծում եմ` այդ առումով պետք է աշխատանքեր տարվեն նաև մեր քննիչների մասնագիտական որակների բարձրացման ուղությամբ: Միաժամանակ կարևորում եմ այդ հարցում միջազգային համագործակցության անհրաժեշտությունն ու փորձի փոխանակումը»:
Փորձագետները ևս պատրաստակամություն են հայտնել համագործակցել հայ գործընկերների հետ և նպաստել մեր երկրում արդարադատության համակարգի բարեփոխմանը:
Այս նյութը դիտել են - 5132 անգամ