Պահանջում եմ մեկ օրվա ընթացքում հրապարակել անուն կամ հարցը կլուծվի դատարանում. Իվետա Տոնոյան
2018-07-19 10:40:00

Այսօր «Mamul.am» կայքում տեղեկատվություն էր հրապարակվել, թե Գագիկ Ծառուկյանի աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա գնել՝ աշխատավարձից ամսական պահումների դիմաց, շուկայականից թանկ գնով: Կայքի համոզմամբ՝  2011-2014թթ. Ծառուկյանին պատկանող գազալցակայանների աշխատակիցներին Ծառուկյանը ներմուծել է մի քանի հազար «Նիվա» և արագ իրացման ու գերշահույթի համար պարտադրել իր աշխատակիցներին:

Այս հրապարակումից հետո Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվել է, թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը, որի ի պատասխան ասել է. «Այդ հրապարակումը միայն անառողջ երևակայության բորբոքման դրսևորւմ է: Այդ կայքի կողմից պարոն Ծառուկյանի անունը արատավորելուն միտված հրապարակումների շարքը շարունակական է և նրանք հետևողականորեն սև քարոզչություն են իրականացնում, ապա պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե առաջիկա մեկ օրվա ընթացքում այդ լրատվամիջոցը չհրապարակեց գոնե մեկ մարդու անուն, որին իբրև թե Գագիկ Ծառուկյանի կողմից շուկայականից 60 տոկոս թանկ սակագնով պարտադրվել է գնել մեքենա, ապա mamuul.am-ը հրապարակային պետք է ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից, կամ այս հարցը մենք վիճարկելու ենք արդեն դատական կարգով:

Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու նմանատիպ էժանագին փորձերը մշտապես անհաջողության են դատապարտված լինելու, իսկ պատվիրատուներն ու իրականացնողները ստանալու են համարժեք պատասխան»:

Այս նյութը դիտել են - 4621 անգամ