Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին՝ Բագրատաշենի մաքսակետի պետ.1in
2018-07-16 22:56:00
1in.am
Որքան էլ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավաստիացնի, թե ՊԵԿ-ում կատարվող կադրային նշանակումները խայտառակ չեն, և ՊԵԿ նախկին պաշտոնյաները իրավունք ունեն վերադառնալ համակարգ և նոր մտածելակերպով լծվել գործին, սակայն պատկերը բոլորովին այլ է։ Նախկին կոռուպցիոներները ոչ մի կերպ չեն կարողանում «նոր մտածելակերպով» աշխատել։ Վառ ապացույցը Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակումն է, որից հետո մաքսակետում թույլ չեն տալիս առանց մաքսավճարի ներմուծված ապրանքների մուտքը Հայաստան։ Առանց կաշառքի հնարավոր չէ անցկացնել անգամ օրենքով թույլատրված կիլոգրամով կամ խմբաքանակով ապրանքները։ Եվ այս բարքերը մաքսատուն վերադարձրել է վերջերս նշանակված Արթուր Գասպարյանը, որն առավել հայտնի է Պիտուլ մականունով։ Պիտուլը Ալրաղացի Լյովիկի՝ Լևոն Սարգսյանի քրոջ որդին է և ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը, որը հեղափոխությունից հետո շարքային տեսուչից միանգամից նշանակվեց Բագրատաշենի մաքսակետի պետ։ Մաքսակետի աշխատակիցների խոսքերով՝ իրենք երբեք այդքան անգրագետ, միևնույն ժամանակ այդ կարգի կաշառակեր ղեկավար չեն տեսել։
Ի դեպ նշենք, որ Պիտուլը՝ Արթուր Գասպարյանը, նախկինում երեք դրվագով անցել է կաշառքի գործով։ Դրանից բացի՝ նա անցած տարի հուլիսի 31-ին սեռական հայհոյանքներ էր տվել, ծեծի ենթարկել Նոյեմբերյան քաղաքի մի բնակչի, որը ընդամենը փորձել էր 10 հատ ձմերուկ անցկացնել իր մեքենայով՝ առանց մաքսազերծելու՝ զարմանալով, որ մաքսակետի հարևանությամբ բնակվող բնակչից 10 ձմերուկի համար մաքսատուրք են պահանջում։ Գործին այդ ժամանակ անմիջապես միջամտել էր դեռևս մաքսակետի զննման բաժնի պետ աշխատող Արթուր Գասպարյանը, հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հասցրել բնակչին, վզից փոկել ոսկե շղթան։ Գործը, սակայն, այդպես էլ որևէ իրավական հետևանք չի ունեցել և, Գասպարյանը մնալով անպատիժ, այսօր նշանակվել է Բագրատաշենի մաքսատան պետ։
Իսկ Դավիթ Անանյանը հավաստիացնում է, որ նախկին աշխատողները պրոֆեսիոնալ են և «ինքը վստահում է նախկին կադրերին և այդ առումով որևէ խնդիր չի տեսնում»։ «Համաժողովրդական զարթոնքից հետո հանրությունը, եթե նոր դեմքեր չի տեսնում, կարող է լինել նաև դժգոհ: Մենք ներքևից ՊԵԿ-ը համալրում ենք երիտասարդ կադրերով, բայց վերևի մասում իմ քաղաքականությունն այն է, որ ես վստահում եմ փորձառություն ունեցող նախկին կադրերին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ժողովրդական ասացվածքը ասում է, թե կարմիր կովը կաշին չի փոխում, նկատի ունենալով, որ կաշառակեր, կոռումպացված մարդը չի կարող այլ կերպ աշխատել, ՊԵԿ նախագահը հակադարձել է. «Կաշին կարող է չփոխվել, եթե կովի մասին է խոսքը»։
Այս նյութը դիտել են - 3510 անգամ