Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդավարության խաչակիր. TIME
2018-07-12 15:30:00
«Այսօր աշխարհում ամեն երրորդը ապրում է ավտորիտար ռեժիմի ներքո, իսկ շատ-շատերի ժողովրդավարական ազատությունները զգալիորեն սահմանափակված են, սակայն ազատության ձգտումը կարող է միլիոնավոր մարդկանց մղել ոտքի կանգնել եւ ձայն պահանջել իրենց կառավարման մեջ», - գրում է ամերիկյան հեղինակավոր TIME ամսագիրը «Ժողովրդավարության երազանքը ողջ պահող 4 խաչակիրները» հոդվածում: 
Ամսագիրը զրուցել է այդ չորս «խաչակիրների» հետ, որոնցից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նրա հետ այդ ցուցակում են ընդգրկված տոգացի բլոգեր, ակտիվիստ եւ Տոգոյի նախագահ Ֆոր Գնասինգբեի դեմ ուղղված «Ֆորը պետք է հեռանա» շարժման հիմնադիր Ֆարիդա Նաբուրեման, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի դեմ պայքարող Էնրիեթ Մարտինեզը եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիդեդ Բուշամուին:
«Իմ ժողովրդի սերն է ստիպել ինձ դուրս գալ խորհրդարանական խմբակցության առաջնորդի հարմարավետ գրասենյակից եւ 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանի մեջ՝ բողոքելով Սերժ Սարգսյանի կառավարման դեմ», - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն է մեջբերում TIME-ը:
Ամսագրին տված մեկնաբանությունում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարությունը Հայաստանում արժեհամակարգ է եւ համոզմունք:
«Ես համոզված եմ, որ մենք ժողովրդավարություն կառուցելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, անկախ դատական համակարգ ստեղծելու եւ օրենքի գերակայությունն ամրագրելու ճանապարհին առաջ կգնանք՝ պաշտպանելով մարդու իրավունքները եւ տնտեսական մրցակցությունը։ Մեզ համար ժողովրդավարությունը ոչ թե տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքական կողմնորոշման բաղադրիչ է, այլ արժեքների ու համոզմունքների արտացոլում։ Ես հավատում եմ, որ Հայաստանը կդառնա աշխարհի հզորագույն ժողովրդավարական երկրներից մեկը», - ասել է նա։
Այս նյութը դիտել են - 3095 անգամ