Ուսուցչին նվիրած ծաղիկն էլ համարում էին «կոռուպցիա»
2018-07-08 22:04:00
«Ուսուցչին նվիրած մի ծաղիկն էլ համարում էին «կոռուպցիա» »: Վանաձորից Լարիսա Ղուկասյանի այս գրառումն առիթ տվեց հիշելու դեպքեր ու դեմքեր, երբ ուսուցիչներիս անբասիր աշխատանքի արդյունքում երբեմն «անարգանքի սյունին էինք գամվում»՝ անգամ մեզ ծաղիկներ նվիրելու համար:
Տարիներ առաջ էր: Շրջանային թերթում մի հոդված ընթերցեցի, որտեղ քննադատվում էին ուսուցիչները, թե ինչու Մարտի 8-ի տոնական օրը նրանց ծաղիկներ են նվիրում, երբ կարելի էր առանց գումար ծախսելու՝ միայն մանուշակ քաղել ու նվիրել ուսուցիչներին: Գարնան այդ նուրբ ծաղիկները մեզանից յուրաքանչյուրը սիրով ընդունում է, բայց այստեղ կարևոր չէր ծաղիկներ նվիրելու գեղեցիկ սովորության մեջ ուսուցիչներին քարկոծելը, որքան որ զարմանալի էր, թե ով է այդ նյութի հեղինակը: Նա մեկն էր, ով ճանաչում ուներ շրջանում, նաև բոլորս գիտեինք, որ այդ պետական աշխատողն իր մասնագիտական ծառայությունը շատերին մատուցում էր իրեն հասանելիք որոշակի գումար վերցնելով:
Այս օրերին մեր աչքերը բացվեցին, մենք գիտակցական զարթոնք ապրեցինք, հասկացանք, որ ամենաշատը մաքուր ապրելու իրենց կոչերով այս կյանքը խեղաթյուրել են նրանք, ովքեր մեզ շեղել են իրենց ամպագոռգոռ հայտարարություններով ու փորձել սովորեցնել մեզ անբիծ ապրելու ձևը, երբ ինքներս եղել ենք այդ անբասիր ճանապարհին՝ չգիտակցելով, որ անկուշտները խաբում են մեզ, երբեմն՝ վարկաբեկում մեր անցնելիք ուղին:
Առավել վիրավորականը տարիներ առաջվա այս դեպքն էր: Իմ դասղեկական դասարանի «Վերջին զանգի» միջոցառմանն էի նախապատրաստվում: Նախօրեին ներկայացուցիչ եկավ կրթության բաժնից՝ իմանալու, թե այդ օրն ինչ են նվիրելու ուսուցիչներին: Ականատես էի այդ զրույցին: Պարզվեց՝ մեկական ծաղիկ ուսուցիչներին, երեքը՝ դասղեկի համար էին նախատեսել: Լսելի էր դժգոհությունը, որ դասղեկին էլ մեկը պետք է նվիրել, այլապես կդիտվեր որպես կաշառք: Ամաչելուց լուռ հետ քաշվեցի՝ չլսելու տալով նման անպատկառությունը, որ ծաղիկների տեսքով այդ վերևների կողմից տրված «հրամանով» «ապտակեցին» իմ արդարությանն ու տարիների իմ տքնաջան աշխատանքին...
Հաջորդ տարիներին աշակերտները գիտեին, որ ինձ համար ամենալավ նվերը ծաղիկներն են, ու առիթից առիթ սկսեցին նվիրել, առավել հաճախակի գարնանն իրենց ծաղկանոցից էին բերում, նույնիսկ երբեմն անակնկալ էին մատուցում, երբ անկարգություն ցուցաբերած դեռահասը, ծաղիկներ նվիրելով, ժպիտը դեմքին, ձգտում էր զգացնել տալ, որ հասկացել է իր սխալը...
Այս տարիների ընթացքում ամենուր տեսա բազմերանգ ծաղիկներ, դրանց առինքնող բույրերից ջերմացա, բայց միշտ հիշողությանս մեջ մնացին այն ծաղիկները, որ «կաշառքի» տեսքով երևացին վերևում թառածներին, երբ այդ անկուշտները վաղուց գիտեին ապրելու ձևը, ու մեզ էին թելադրում իրենց կամքը: Ու մեր աչքերը բացվեցին այս օրերին, մենք հասկացանք, որ օրենքն անկուշտների համար չի եղել, նրանք երկիր են թալանել, իսկ օրենքը թողել հասարակ ժողովրդին...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 5936 անգամ