«Հայաստան» հիմնադրամի գործով անցնում է նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը
2018-07-04 23:40:00
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին, որը խոստովանել է, թե տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը` դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ այս քրեական գործով անցնում է նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, բայց ոչ թե հիմնադրամի միջոցներն օնլայն խաղադրույքների ուղղելու, այլ բոլորովին ուրիշ դրվագով, որը եւս կապված է միջոցները ոչ արդյունավետ ծախսելու հետ: Ու հիմա չի բացառվում, որ նրան եւս հարցաքննության կանչեն ԱԱԾ:
Տեղեկությունը փորձեցինք պարզել հենց Արկադի Ղուկասյանից, ինչին ի պատասխան` վերջինս ասաց. «Հոգաբարձուների խորհրդի անդամներս որեւէ կապ չունենք այդ ֆինանսական գործունեության հետ, եւ ամեն տարի ինչ-որ աուդիտ են անում, հատուկ կազմակերպություններ են հրավիրում, որոնք ստուգում են այդ ֆինանսական գործունեությունը: Որեւէ հոգաբարձուների խորհրդի անդամ որեւէ կապ դրա հետ չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 3876 անգամ