ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ Hraparak
2018-07-03 00:42:00

ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։ Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս նրան կձերբակալեն յուրացման կասկածանքով։

Արա Վարդանյանը 2009 թվականից «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է, իսկ հիմնադրամում իր աշխատանքը սկսել է 2004 թվականից` առաջին երկու տարիները որպես հիմնադրամի արտաքին հարաբերություների բաժնի ղեկավար, այնուհետեւ` որպես փոխտնօրեն։ Սա այն հիմնադրամն է, որը համայն հայության դրամական նվիրատվությունների, ամենամյա հեռուստամարաթոնների միջոցով հավաքված գումարներով բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Ի դեպ, հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։

Մենք տարիներ շարունակ անդրադառնում էինք հիմնադրամի գործունեությանը, արձանագրում, որ այն անվերահսկելի է դարձել, աշխատանքը՝ ոչ թափանցիկ։ Իսկ մեր հարցերին էլ հիմնադրամից հաճախ հրաժարվում էին պատասխանել, թե իրենց մասին բացասական նյութեր ենք գրում։

Ի դեպ, վերջին շրջանում բավական ջերմ հարաբերությունների մեջ են Արա Վարդանյանն ու նոր կառավարության մի շարք անդամներ, այդ թվում՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այս մասին Վարդանյանը պարբերաբար ֆեյսբուքյան իր էջում հրապարակումներ է ունենում։ Դրանցից վերջինը սփյուռքի նախարարին ուղղված շնորհակալական խոսքն է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին միացավ նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Շնորհակալ ենք, պարոն նախարար: Իմ շատ սիրելի հայրենակիցներ, հիշեք` միասին քիչ- քիչ, մենք կարող ենք ամեն ինչ»։ 

 

 

 

Այս նյութը դիտել են - 3664 անգամ