Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ
2018-06-29 12:04:00
Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ հիմնադրամի նախագահ, դոկտոր Նորբերթ Լամմերթի հետ:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահը կարևորեց բարեկամ երկրի նոր արտգործնախարարի այցելությունը Բեռլին և նրա հանդիպումն իր ղեկավարած հիմնադրամի ներկայացուցիչներին, ինչը դոկտոր Լամմերթի բնորոշմամբ հնարավորություն է ընձեռում առաջին ձեռքից տեղեկանալու Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական բարեկամական կապերին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:
Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքը, դրա նախապատմությունը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ բոլոր փոփոխությունները տեղի ունենցան Սահմանադրության ու օրենքների շրջանակներում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց նոր կառավարության հանձնառությունն իրականացնելու շարունակական բարեփոխումներ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում: Այդ առնչությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Լամմերթն ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած կայունությունը շահեկանորեն առանձնացնում է այն։ Հիմնադրամի նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացը կկրի շարունակական բնույթ՝ պատրաստակամություն հայտնելով Հիմնադրամի միջոցով աջակցություն տրամադրել այս ուղղությամբ նախաձեռնություններին:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում իրականացվող ջանքերը, տարածաշրջանային խնդիրների առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը և դրանց լուծման ուղղությամբ մոտեցումները։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործունեությանը՝ ընդգծելով Հիմնադրամի աջակցությամբ իրականցված նախաձեռնությունների կարևորությունը մասնավորապես, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առումով։
 
Այս նյութը դիտել են - 4616 անգամ