Արմեն Սարգսյանն ու Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում մասնակցել են «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնի բացմանը
2018-06-29 01:31:00

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն ու բազմաթիվ հյուրեր հունիսի 28-ին Վաշինգտոնում ներկա են եղել ժողովրդական եւ ազգային տոների, սովորույթների եւ կենցաղի դրվագները ներկայացնող ամենամյա «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» հեղինակավոր փառատոնի պաշտոնական բացման արարողությանը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը:

Ժամանակակից կենցաղի և ապրող/գործող ժողովրդական մշակութային ավանդույթների՝ արվեստների և արհեստների պահպանմանը նվիրված «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնին հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են Սփյուռքից և Հայաստանից ժամանած մեծ թվով հայրենակիցներ:

Փառատոնի օրերին այցելուները, ցանկության դեպքում, կարող են սովորել թոնիրում լավաշ թխել, խորոված, պանիր կամ գաթա պատրաստել:

Հիշեցնենք, որ 1967 թվականին հիմնադրված հեղինակավոր փառատոնին մինչ այժմ մասնակցել են ավելի քան 100 երկրներ:

Տասնօրյա փառատոնի պաշտոնական փակումը տեղի կունենա հուլիսի 8-ին:

Այս նյութը դիտել են - 4577 անգամ