Տոնական օր Մարտակերտում
2018-06-28 22:38:00
Տոնական տրամադրություն, որ սկսվեց զինվորականների քայլերթով: Դպրոցականներն Արցախի դրոշներն են ծածանում, Մարտակերտի ազատագրման քառորդ դարն է նշվում, ու մեզ ողջունող հյուրերի ներկայությունն ակնածանք է իր հետ բերում...
«Փառք ազատամարտիկներին» հուշահամալիր... Ծաղիկների խոնարհում, խոսուն լռություն, անցյալի ու ներկայի խաչմերուկում հույզերի և ուրախությունների փայլատակում, սրբացված դեմքեր, որ մեր կողքին են իրենց կենդանի գոյությամբ... Ու նաև քարե սարսուռ, քարե լռություն, ու ապրողներիս հոգու կանչն է դառնում նրանց անմահությունը:
Տոն է, մեր հարազատ քաղաքի, մարտակերցիներիս տոնը, որ իր գիրկն է բերել երկրի իշխանավոր անձանց, պետական տարբեր պաշտոնյաների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների, զինվորականների...Եվ մշակույթի ու երիտասարդության կենտրոնի ամբիոնից ժամանակագրական մի կենսագրություն է ներկայացվում, մեր քաղաքի մի անցած կյանք, որ դառը հուշերից արթնացել, գալիքին է հառել իր լուսավոր հայացքը:
Տոնական համերգին քաղաքի ազատագրմանը մասնակցած հայորդիներ կան, կանայք, որդիներ կորցրած ծնողներ, հաշմանդամ ազատամարտիկներ, ովքեր ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԱՄ նախագահ Սամվել Կարապետյանի, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի կողմից պարգևատրվեցին: Արժանացան շքանշանների, նվերների, դրամական խրախուսանքի...Գնահատանք կա նրանց հանդեպ, ովքեր արժանվույնս մատուցել են հայրենիքին, երախտագիտության զգացում նրանց նկատմամբ, ովքեր արժևորեցին ազատամարտիկների անցած ճանապարհը:
Խտացված խոհեր կան, որ այս տարիների ընթացքում դրանք ապավինել ենք մեր լավատեսությանը, բարուն ու լուսավորի ձգտմանը: Անմահների հիշատակը հոտնկայս լռությամբ է ուղեկցվում: Ու լույս է սփռվում, երբ բեմահարթակ են բարձրանում այն լույս մանուկները, այն բոլոր երեխաները, որոնք յուրովի ժպիտներ պարգևեցին մեզ, հիացմունք, ու տոնի շքեղությունն իր տեսանելիությամբ մեզ պարուրեց երջանկաբեր ապրումներով, որ անընդմեջ ուղեկցվում էին բուռն ծափողջույններով:
Քաղաքի երկու մանկապարտեզի երեխաներն են, փոքրիկ հրաշքներ, ովքեր առաջին անգամ են բեմ բարձրանում, Մարտակերտի Ալ. Հեքիմյանի անվան և Վանքի արվեստի դպրոցների սաներն են՝ մեկը մյուսից գեղեցիկ կատարումներով, Վլ. Բալայանի անվան հ. 1 միջնակարգ և Վ. Մինասյանի անվան հ. 2 հիմնական դպրոցների շնորհաշատ աշակերտները, մշակույթի և երիտասարդության կենտրոնի պարի մի հրաշալի խումբ /պարուսույց Նաիրի Ազատյան/: Եվ զուլալ մի մանկություն բեմ էր բարձրացել ու բարձրաձայնում էր խաղաղ ապրելու իր կամքը, որ դարձել էր ասմունք, երգ ու պար, դարձել էր մի նոր երազանք, որ իր լույսերն էր փռել առ խաղաղ ու կապուտակ երկինք:
Տոնական միջոցառումը ավարտվեց զինվորի հայրենասիրական երգի կատարմամբ, ով իր շուրջը համախմբեց բոլոր մասնակիցներին՝ հիասքանչ երաժշտության տակ, բոլորի ուրախ տրամադրությամբ, ծափահարություններով: Մարտակերտցիների տոնական օրվա եզրափակումը մարզահրապարակում երեկոյան կազմակերպված համերգն էր ու հրավառությունը, որ 25-ամյա ազատագրված քաղաքի լուսավոր կյանքն էր ավետում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 5933 անգամ