Ամեն տարի այս օրերին մենք անցյալի հետ ենք
2018-06-28 10:11:00
Մարտակերտի ազատագրման 25 տարին է, տոնական օր, բայց ամեն տարի այս օրերին մենք անցյալի հետ ենք: Հնարավոր չէ ջնջել այն հիշողությունը, որ պատերազմի հետքեր ունի՝ ծանր կորուստների, ավերածությունների, բռնագաղթի տեսքով, ու հաղթանակներ՝ ազատամարտի նվիրյալների մարտական ուղու հավերժացմամբ, ամահության հերոսական դրվագներով...
	files/3b7ba6167/10814/67d388fa566.jpg
Մեկ տարվա գերությունից հետո ազատագրվեց Մարտակերտը, վերադարձանք մեր օջախը, որ ապրեցնենք այս փոքրիկ քաղաքը, որ արտաքուստ քաղաքի նման չէ, բայց հոգի կա այստեղ, սեր անմնացորդ, նվիրում, արյան հետքեր կան, հող կա սրբացված, հին ավերակներ՝ անցած պատերազմական օրերի դրոշմով:
92-ի ամառը մեզ համար սևով պատվեց, մենք դուրս եկանք Մարտակերտից կեսգիշերին, շատ հանկարծակի, մեր հագի շորով, դատարկաձեռն... Նկուղում էինք՝ ես ու յոթ տարեկան աղջիկս: Դուրս եկանք, երբ ինչ-որ մեկը գիշերային մթության մեջ կանչեց, որ «թուրքը» մտնում է Մարտակերտ, եթե մարդ կա այդտեղ, թող դուրս գա: Երեսուն բնակարանոց շենքից մենք էինք մնացել՝ մեկ այլ հարևանի ընտանիքի հետ: Միայն մի փոքրիկ ձեռքի պայուսակ վերցրի փաստաթղթերով: ....Երբ երեք տարի անց վերադարձա օտար ափերից, նկուղում գտա մի կիսապատռված նկար՝ իմ ուսանողական տարիներից, նաև իմ փաստաթղթերից մեկը, որ մոռացել, չէի վերցրել. դրա մի մասը վառված էր: Խորհրդային կարգերի՝ իմ տարիների ստեղծած տունուտեղից ինձ մնաց այդ երկու «նմուշը»՝ մի պատռված նկար ու մի կիսավառված վկայական:
Ոտաբոբիկ էի, անտառամիջյան ճանապարհին տարբեր գյուղերի բնակիչներ էին խառնվել մեզ, իսկ նրանց մեջ շատերը հասցրել էին իրենց անասուններին հանել գյուղերից, մենք գնում էինք այդ անասունների ոտնահետքերով: Աղջկաս ձեռքը բռնած՝ իմ ընտանիքի հետ էի: Երեխաս սոված էր, մի կնոջից մի կտոր հաց խնդրեցի, բռանս չափ էր այն, երկու մասի բաժանեցի, որ մյուս կեսը հետո ուտի... 82 տարեկան տատս դժվար էր քայլում, մայրս, քույրս մեզ հետ էին, իսկ հորս կորցրել էինք կեսճանապարհին, նրան գտանք օրեր անց՝ փոշու մեջ կորած... Հազիվ ճանաչեցինք իրար...
Ամեն տարի նոր հիշողություններ են պաշարում մեզ, որ անցյալից են գալիս, ու այդ հնին շաղախվում է մեր ներկան, որտեղ Արցախյան ազատամարտի ու ապրիլյան պատերազմի հաղթանակներ կան, երախտագիտության ու նվիրումի խոսքեր՝ մարտական ճանապարհ անցած քաջորդիների հիշատակի հավերժացմամբ, հայրենի քաղաքի ազատագրմանը մասնակցած բազում հերոսների կերպարներով, նրանց հանդեպ ունեցած մեր ակնածանքով ու խոնարհումով:
Նորից բազմամարդ է մեր հայրենի քաղաքը: Շրջվարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ տոնական օրվան նվիրված բազմաթիվ միջոցառումների ականատեսն էինք ամբողջ շաբաթվա ընթացքում, որ եզրափակվեցին այդ օրը մարտակերտցիների, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ՝ հուշարձան այցելելով, ծաղիկների խոնարհումով, տոնական համերգով, պարգևատրություններով, երախտիքի խոսքերով, լուսավոր երազանքով, խաղաղ արշալույսների հավատով ու բոլորիս շնորհավորանքներով:
/Հաջորդիվ՝ այդ օրվա միջոցառումների մասին/:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4664 անգամ