Մանվել Գրիգորյանի երկրորդ ընտանիքի անդամները` գլխավոր դերերում Armlur
2018-06-21 12:21:00
Ազգային անվտանգության ծառայության կողմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող բացահայտումներից հետո փորձ է արվում հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել այս ամենը, ովքեր կարող են լինել նրա մեղսակիցները: 
Ակնհայտ է, որ Գրիգորյանը միայնակ չի գործել, եւ ինչպես օրեր առաջ նշել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, առջեւում սենսացիոն բացահայտումներ են սպասվում: 
Ընդ որում` խոսքը ոչ միայն ԵԿՄ անդամների, գեներալի ընկերների, այլ հենց ընտանիքի անդամների մասին է:
Այս առումով բացահայտումներն արդեն սկսվել են, եւ առաջին հերթին իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մանվել Գրիգորյանի երկրորդ կինը` գնդապետ Նազիկ Ամիրյանը:
Վերջինս նախ ԱԱԾ-ի տեսանյութը հրապարակելու հենց հաջորդ օրն այցելել է ԵԿՄ, զրուցել այնտեղ ներկաների հետ, ապա նույնիսկ հրահանգներ տվել, որոնց կատարումը սակայն կանխվել է Ոստիկանության աշխատակիցների կողմից:
Մասնավորապես խոսքը հենց ԵԿՄ-ի շենքից «տուշոնկաներ»-ի արկղերը դուրս բերելու մասին է, որոնցով բեռնված ավտոմեքենաները սակայն հայտնաբերվել են:
Եվ արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Գրիգորյանի կինը՝ Նազիկը, ոչ միայն տեղյակ է եղել, այլ շատ հարցեր հենց նրա միջոցով են կարգավորվել: Էջմիածնում տարածած տեղեկությունների համաձայն` չի բացառվում նույնիսկ, որ շատ քայլեր արվել են հենց Նազիկի կողմից եւ նույնիսկ առանց գեներալի գիտության:
Սակայն այսքանով էլ նրա ընտանիքի անդամների մասնակցությունը չի սահմանափակվում:
Պարզվում է` Գրիգորյանի դուստրը` Այծեմնիկ Գրիգորյանը, ոչ միայն տեղյակ է եղել հոր արածներից, այլեւ օժանդակել է նրան: Մասնավորապես, նա, Նազիկ Ամիրյանը, ԵԿՄ անդամ Սեյրան Ղազարյանը , Արմեն Հակոբյանը եւ նաեւ այլ անձինք նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի առանձնատներում ապօրինի կերպով պահել են ռազմամթերք: Բացի այդ, այն տարածքը, որտեղ կրկին պահվել են ռազմամթերք եւ այլ իրեր, պատկանում է «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին, որը փոխկապակցված է հենց գեներալի հետ, իսկ ընկերության տնօրենն էլ հանդիսանում է Մանվել Գրիգորյանի որդին` Արա Գրիգորյանը: Ստացվում է` ամենաքիչը նրա ընտանիքի երեք անդամ ոչ միայն տեղյակ է եղել Մանվել Գրիգորյանի հափշտակություններից ու յուրացումներից, այլեւս օժանդակել են նրան, ինչը եւս քրեական հետապնդում է ենթադրում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ նրա ընտանիքի անդամներից եւս ձերբակալվողներ կլինեն: Իսկ Մանվել Գրիգորյանին օժանդակած անձանցից մեկին էլ` Արմեն Հակոբյանին, նա հրահանգել էր խուզարկության օրը գալ առանձնատուն եւ «ամեն ինչ իր վրա վերցնել»: Մասնավորապես, Գրիգորյանը խուզարկության օրն այլ հեռախոսով կապ է հաստատել որդու` հենց ընկերության սեփականատեր հանդիսացող Արա Գրիգորյանի հետ, հրահանգել է Արմեն Հակոբյանին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր և «ամեն ինչ իր վրա վերցնի», եւ դա էլ արագ կատարվել է: Ընդ որում` պարզվում է` ԱԱԾ-ն վաղուց էր հետեւում Գրիգորյանների ընտանիքի գործողություններին:
Դա է վկայում այն հանգամանքը, որ նրանց քայլերին սկսել են հետեւել հունիսի 5-ից, երբ Գրիգորյանն այլ անձանց մասնակցությամբ եւ ընտանիքի հետ սկսել են Էջմիածնում գտնվող առանձնատներում առկա իրերը տեղափոխել Արցախ` Հադրութում գտնվող իր տուն: Այս օրերին փորձ է արվում ստուգել եւ գտնել Մ. Գրիգորյանի հետ փոխկապակցված այլ անձանց, ընկերներին: Նրա զինակից ընկերներից մեկը` Սեյրան Սարոյանը, երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե տեղյակ չի եղել, եւ զարմացած է իր ընկերոջ արարքների վրա, ով հենց իր ներկայությամբ հայհոյանքներ է տվել բանակից բան գողացողներին. «Ոնց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի»: Մյուս կողմից, նկատենք, Սարոյանն անուղղակի խոստովանել է, որ ոչ միայն Գրիգորյանը, այլեւ շատ-շատերն իրենց տանը զենք-զինամթերք ունեն. «Էդ որ մի երկրապահը չունի…»: Թե որքանով Սարոյանը կապ կարող է ունենալ այդ ամենի հետ, կբացահայտեն իրավապահները: Առջեւում կբացահայտվի նաեւ կատարվածին Գրիգորյանի օգնականների իմացության ու մասնակցության հարցը: Առաջին հերթին խոսքը հենց Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանի մասին է: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` վերջինս տեղյակ եղել է այդ ամենից եւ նույնիսկ հանդիսացել է այդ ամենի կազմակերպիչը, չնայած վերջինս հերքում է իր մասնակցությունը: Թե որքանով նա կարող է կապ ունենալ այդ ամենի հետ, դժվար է միանշանակ ասել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` նա նույնիսկ իրավապահ մարմիններին ասել է, թե պատրաստ է վերջիններիս օգնել, տվյալներ հայտնել վերջում մաքուր դուրս գալու պայմանով: 
Շարունակությունը՝ այստեղ:
Այս նյութը դիտել են - 5667 անգամ