Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին. «Եթե պարզվի, որ սա իրականություն է, դրան արդարացում չկա» Hetq
2018-06-18 02:24:00
Ազգային ժողովում մեկնարկել են պատգամավորների ճեպազրույցները: ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգմավոր Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: «Եթե պարզվի, որ սա իրականություն է, սրան արդարացում չկա»,- ասել է Շարմազանովը: 
Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ-ի համար ցանկացած օրինախախտում դատապարտելի է, և որ օրենքի առջև կրկնակի ստանդարտներ չպետք է լինեն:
«Իմ ճակատը բաց է, ես շատ բաց ճակատով եմ ասում՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն: Երեկվա դեպքի հետ կապված. եթե պարզվի, որ սա իրականություն է, ինչ որ հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունը, սրան արդարացում չկա, վերջ»,-նշեց նա՝ անդրադառանալով երեկ ազգային անվտանգության ծառայության տարածած այն հաղորդագրությանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվել է «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Բացի այդ, Գրիգորյանի ամառանոցի պահեստում եղել է մեծ քանակությամբ զինվորներին հասցեագրված արկղեր, որոնք դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պետք է ուղարկված լինեին առաջնագծի զինվորներին:
Հունիսի 16-ին Էդուարդ Շարմազանովը և Վահրամ Բաղդասարյանը հանդիպել են ձերբակալված Մանվել Գրիգորյանին, ով պատգամավորներին հավաստիացրել է, որ իր ամառանոցում հայտնաբերված զենքերը իրեն չեն պատկանում:
«Արարքը կատարվել է, արդեն դատապարտելի է ու ամոթ, սա խայտառակություն է: Ու՞մ կողմից է կատարվել, ո՞նց է կատարվել դա թող ԱԱԾ-ն պարզի: Ասում եմ՝ երևույթն արդեն որևէ արդարացում չունի: Կրկնում եմ՝ ի՞նչ գործ ուներ էդ տուշոնկից մինչև բաները ընդեղ»,-հարցրեց Շարմազանովը:
«Հետք»-ի լրագրողի այն հարցին՝ արդյոք պետք է Մանվել Գրիգորյանին զրկել Ագային հերոսի կոչումից, ՀՀԿ խոսնակը չպատասխանեց, ասաց, որ մինչև դատարանի որոշում չլինի, ինքն այդ մասին չի ցանկանում խոսել: Պատգամավորը նշեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ՀՀԿ-ն երբեք չեն կոծկել որևէ անարդարություն, ո՛չ արել են և ո՛չ էլ պաշտպանել այն. «Մենք ասում ենք՝ զինվորի հացը գողանալը, զինվորի պայոկը գողանալը անթույլատրելի արարք է: Ով ուզում է դա անի»,-ասաց Շարմազանովը:
Այս նյութը դիտել են - 4770 անգամ