Լրագրողին բռնի ուժով մեքենա նստեցրած Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել.Armtimes
2018-06-11 16:50:00

«Armtimes  »-ի տեղեկություններով, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Երեւան-Աբովյան մայրուղում բռնի ուժով քաղաքացիական մեքենան նստեցրած Կոտայքի մարզի ոստիկանապետ Արսեն Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով): Մեր տեղեկություններով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված այս գործի շրջանակներում լրագրող Տիրայր Մուրադյանը տուժող է ճանաչվել:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին. լրագրողը Երեւան-Աբովյան մայրուղում իրականացնում էր իր աշխատանքը՝ նկարահանելով այնտեղ տեղի ունեցող գործողությունները, մասնավորապես՝ ցուցարարների կողմից մայրուղու փակումը եւ ոստիկանների գործողությունները: Նկարահանելու պահին նրան են մոտեցել մի քանի ոստիկաններ՝ ոստիկանապետի գլխավորությամբ եւ հորդորել են դադարեցնել նկարահանումները: Տիրայր Մուրադյանը ոստիկաններին ասել է, որ ինքը լրագրող է եւ իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը, սակայն ոստիկանները չեն լսել լրագրողի հորդորները եւ նրան բռնի ուժով նստեցրել են քաղաքացիական ավտոմեքենայի մեջ, տարել են Աբովյան քաղաքի ուղղությամբ:

Լրագրողին բռնի ուժով մեքենան նստեցրածն էլ հենց Աբովյանի ոստիկանապետն է: Լրագրողի պատմելով՝ ճանապարհին ոստիկանները մի քանի զանգ են կատարել՝ համոզվելու համար, որ ինքը լրագրող է, չնայած որ Տիրայր Մուրադյանը կրել է լրագրողի վկայական: Այնուամենայնիվ, ճանապարհի կեսից լրագրողին բաց են թողել: Մեր տեղեկություններով, Աբովյանի ոստիկանապետի եւ նրա ենթակաների կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով անգամ ծառայողական քննություն նշանակված չէ:

Այս նյութը դիտել են - 3951 անգամ