ՀՀ-ում սպասվում են արմատական փոփոխություններ. վարչապետը՝ ԵՄ դեսպանին
2018-06-05 19:39:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացումը եւ անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին ու ծրագրերին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն էապես նպաստել են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետի խոսքով՝ ստեղծված բարենպաստ մթնոլորտը նոր խթան կհանդիսանա տարբեր ոլորտներում բարեփոխումների եւ արմատական փոփոխությունների իրականացման համար:

Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է եւ գործադիրի քայլերն ուղղված են ժողովրդավարական ինստիտուտիների զարգացմանը, բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը, մենաշնորհների դեմ պայքարին, պետական գնումների ոլորտում կոռուպցիոն դրսեւորումները նվազագույնի հասցնելուն, ներդրումների ներգրավմանը եւ այլն:

«Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու հարցում՝ կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով»,- ընդգծել է վարչապետը:

Պյոտր Սվիտալսկին ողջունել եւ կարեւորել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրերը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է առարկայական օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկման շրջանակում: Դեսպանը նշել է, որ տեսնում է դեպի Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ, հատկապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում տարբեր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ եվրոպացի ներդրողները պատրաստ են քննարկել կոնկրետ ծրագրեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդարադարձ են կատարել նաեւ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի:

Այս նյութը դիտել են - 3434 անգամ