Վարչապետը խելացի և նրբանկատ գտնվեց, կարողանալով խուսափել Լևոն Տեր-Պետրոսյանի խորհուրդների ծուղակից.Հմայակ Հովհաննիսյան
2018-06-04 13:23:00
Արցախում քաղաքացիների ակտիվ մասը քաղաքական բնույթի հարցեր է դրել Բակո Սահակյանի առջև, և ինչպես Սերժի իշխանության օրոք էին Ստեփանակերտից հնչում մեզ հասցեագրված պահանջները՝ չապակայունացնել վիճակը պատերազմող երկրում, այնպես էլ այժմ Երևանից են հնչում արցախցիներին հասցեագրված նմանատիպ խրատական կոչեր: 
Եվ ինչպես այն ժամանակ մենք էինք ցավագին ընդունում մեր իրավունքներն ու ազատությունը «հանուն կայունության» զոհաբերելու կոչերը, նույնպես արցախցիներն իրավունք ունեն այսօր արձագանքել մեր նախատինքներին:
Մի՞թե մեր երկրի առաջին նախագահը չգիտի, որ նոյն Իսրաելում, որը նույնպես պատերազմող երկիր է, լիաթոք հարգվում են քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները, իսկ կոռուպցիայի ու կաշառակերության համար բարձրաստիճան չինովնիկներին առանց վարանելու բանտ են նստեցնում, ինչպես դա տեղի ունեցավ Իսրաելի նախագահ Օլմերտի հետ:
Ի՜նչ է հրեաները կարող են պայքարել կոռուպցիայի և չինովնիկական այլևայլ կամայկանությունների դեմ, իսկ մեզ դա հակացուցվա՞ծ է:
Ո՞վ ասեց, որ արդար հասարակարգի համար մղվող արդյունավետ պայքարը ո՜չ թե ուժեղացնում է հասարակությանը, հույս ու հավատ ներշնչում սեփական երկրի ու պետության նկատմամբ, այլ նվազեցնում է պաշտպանունակությունն ու խոցելի դարձնում երկիրը արտաքին թշնամու համար: Գաղտնիք չէ, որ արտագաղթն Արցախից չի զիջում արտագաղթին ՀՀ-ից, և մեծ հաշվով բոլոր մեր ցավերը նույնն են, ապա ինչու՞ այդ դեպքում մենք իրավուք ունենք մեզ և մեր երեխաների համար պահանջել արժանապատիվ կյանք ու չինովնիկների կողմից հարգալից վերաբերմունք, իսկ արցախցիները պետք է այդ իրավունքը չունենան: Երբ այդ խտրական մոտեցումը արցախցիների նկատմամբ քարոզում են Արցախից փախած և Երևանում շվայտ ապրուստ գտած սերժսարգսյանական կլանի ներկայացուցիչները, որոնք իրականում այս տարիների ընթացքում Երևանում նստած միայն վտանգել են Արցախի գոյությունը, իրենց վարքագծով սեպ են խրել ՀՀ-ի և Արցախի միջև, ապա հասկանում ես, թե որքա՜ն անամոթ են այս մարդիկ, որքա՜ն արժանի չեն իրենց նույնականացնելու մեր ժողովրդի այդ հերոսական մասի՝ արցախահայության հետ:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Հենց նոր լսեցի Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր վարչապետի ֆեյսբուկյան ելույթը: Շատ ոգևորվեցի՝ համոզվելով, որ Նիկոլն այս իմ ստատուսում ներկայացված դիրքորոշման պաշտպանն է. մեր վարչապետը խելացի և նրբանկատ գտնվեց, կարողանալով խուսափել Լևոն Տեր-Պետրոսյանի խորհուրդների ծուղակից և, ինչը ամենակարևորն է, առաջին նախագահին հատուկ ու արցախցիներին տարբեր ժամանակներում այդքան նյարդայնացնող խրատական տոնից: Հայաստանի խոնարհ զավակի ու արցախահայության սրտացավ եղբոր խոսք էր, որը ներշնչված էր հարգանքով ու սիրով հարազատ հողին հավատարիմ հասարակ արցախցու նկատմամբ՝ նրա ձայնը լսելու ու նրա հոգսերը կիսելու պատրաստակամությամբ:  
  Հմայակ Հովհաննիսյան
Այս նյութը դիտել են - 3458 անգամ