Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրը
2018-05-31 10:18:00
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է: Յոթ երեխայի նկար ընտրեցի, որ յոթնապատկեմ այդ օրվա շնորհավորանքներս՝ ուղղված բոլոր մանուկներին: Այդ երփներանգված մաղթանքներում անհոգ ու խաղաղ մանկություն եմ ցանկանամ բոլոր բալիկներին, բազմաթև ծիածանված երազանքներ եմ հղում սիրո և երջանկության, մաքրության ու անաղարտության, ապրելու և ապրեցնելու սրբությունն իրենց մեջ կրող բոլոր երեխաներին:
Տարիների ընթացքում երեխաների իրավունքներին վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որտեղ երեխաների երջանիկ կյանքի համար խաղաղության կոչեր են հնչել, ներկայացվել են առաջարկություններ՝ ի պաշտպանություն երեխաների, հաստատվել հռչակագրեր բոլոր պետությունների անչափահաս քաղաքացիների իրավունքների մասին, որտեղ ամրագրվել են նաև մեծահասակների պարտականությունները նրանց նկատմամբ:
Այն ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելու կոչ է, բայց որքա~ն երեխաներ են պատերազմների, բնական տարերքների, դժբախտ պատահարների զոհ դառնում աշխարհում կամ այդ արհավիրքների ժամանակ ինչքա~ն երեխաներ են կորցնում իրենց հարազատներին և որբության մատնվում:
Այս տոնը ամեն տարի, մտովի թե իրական, մեզ տանում է նաև դեպի որբանոցները, որտեղ ծնողներից զրկված անմեղ ճակատագրեր կան, ու նրանց համար մանկությունը դարձել է ծնողների հոգատարությունից, մայրական գուրգուրանքից զուրկ մի թախծալից կյանք:
Անհնար է չհիշել, թե աշխարհում ինչքան երեխաներ կան՝ տարբեր հիվանդություններով տառապող, որքա~ն մայրական կսկիծ կա ամենուր, ինչքան կարոտ կա մայրանալուց զրկված սրտերում, ինչքա~ն անապահով երեխաներ կան կարիքի մեջ, երեխաներ, որոնց համար մանկությունը վաղուց իր տեղը զիջել է իրենց ուսերին ծանրացած հասունությանը:
Ամեն տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ անցկացվում են ավանդական տոներ, կազմակերպվում են նվերներով ու անակնկալներով զանազան մրցույթներ, անցկացվում են համերգներ, հատկապես տարածված է ասֆալտի վրա նկարելը, որ բազում երեխաների երազանքների արտացոլանքն է դառնում:
Մանկությունն առավել անհոգ և երջանիկ ժամանակ է մարդու կյանքում: Ցավոք, ոչ բոլոր մեծահասակներս ունենք այդպիսի ուրախ հիշողություններ մեր մանկությունից, բայց շատ կարևոր է, որ կարողանանք ներդնել մեր առավելագույն ջանքերը, որպեսզի մեր երեխաներն իրենց մանկությունից ապագայում ունենան ջերմ հիշողություններ:
Շնորհավորում եմ բոլոր երեխաներին, խաղաղ ու բարեկեցիկ կյանք եմ ցանկանում նրանց, բազմերանգ երջանկություն, կանաչ ճանապարհ, անհոգ մանկություն... Նրանց շնորհիվ է իմաստավորվում մեր կյանքը, երբ մեր ծիծաղն են նրանք, մեր ամենօրյա ժպիտը, մեր ուրախությունն են նրանք, մեր վաղվա օրը... Ծիածանված նոր կյանք են նրանք, սիրո անափ կարոտ, մեր կյանքի լույսն են, որ գունավորում են մեր անցածն ու ներկան, դառնում հուսալի ապագա՝ աշխարհին պարզած անեզրական մաքրությամբ: Նրանք մեր հարստությունն են, մեր ապրելու իմաստը, մեր շողերն են արևի, մեր գոյությունը...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 18262 անգամ