Հուսանք՝ նոր ժամանակներն իրենց հետ նոր կրթություն կբերեն
2018-05-16 15:04:00
Չնայած «աշակերտը» եզակի կգործածեմ այս հոդվածում, բայց խոսքս վերաբերում է ավագ դպրոցում սովորող այն աշակերտներին, որոնց չի հետաքրքրում ընդհանրապես կրթությունը, նրանց համար ցանկալի է ունենալ դպրոցի ատեստատը, բարձրագույնի դիպլոմը:
Աշակերտը դասից փախչում է, ստում է՝ ինչ-որ իրեն արդարացնող պատճառաբանությամբ, բայց երբ պարզվում է՝ խաբել է մեծերին, արդեն ծնվում է մեկ ուրիշ «հնարամտություն»՝ իրեն չեն հետաքրքրում դասերը, ավագ դպրոցում սովորելու ցանկություն չունի, բայց դպրոց է հաճախում, քանի որ իրեն ատեստատ է անհրաժեշտ: Հնարավոր է նաև նման մոտեցումն առկա է իր նման ուրիշ աշակերտների մոտ, բայց փաստի առջև ենք, որ ամբողջ տարին գիրք չի բացում, կարելի է ասել՝ գնահատականներ «կորզում է» աղաչելով, գրավորները գրում է գրագողությամբ, միշտ անպատրաստ լինելով՝ խնդրում է անբավարար չգնահատենք, ամբողջ ուսումնական տարում ցանկանում մեկ կամ երկու նախադասության արտաբերումով գնահատական ստանալ, այն էլ՝ այն դասանյութից, որը նույնիսկ տարրական դասարանում են անցել:
Եթե աշակերտն ընդունակ է, բայց ծուլանում է ու գիրք չի բացում, ապա ի հայտ է գալիս հիմնավորված պատճառը՝ դասերից հետո մեկ այլ հիմնարկությունում հաստատված լինելը, որտեղ նա տեսանելի է շատերին ու սովորել է, որ իրեն միշտ ծափահարեն: Նրա համար ցանկալի է արժանանա շրջապատի գովերգմանը, այնինչ դպրոցում հակառակ ծայրահեղությունն է՝ դաս են հարցնում, բայց այստեղ փաստացի նրա ներկայությունն է ապահովվում կամ երբեմն էլ դասերից է փախչում, որովհետև աշխատանքի ընդունված դպրոցականն արդեն «համտեսել է» այն գումարը, որով նա է վարձատրվում դպրոցից հետո այդ աշխատավայրից:
Աշակերտը չի սովորում դասը՝ համոզված, որ ինչ էլ լինի, ուսուցիչը իրեն դրական է գնահատելու, չէ՞ որ վաղը նա սահման է պահելու, հետևաբար՝ նաև իր ուսուցչի անդորրը, ուրեմն նա պետք է պարտավորված լինի, որ իրեն դրական գնահատականով ապահովի:
Աշակերտը դաս չի սովորում, որովհետև գիտի, որ իր ուսուցիչները բարեխիղճ են, չնայած երբեմն դա չի գիտակցում, բայց համոզված է, որ իրեն չեն թողնի նույն դասարանում, չէ՞ որ սահմանամերձ բնակավայրում է ապրում, ապրիլյան պատերազմ է տեսել, տարհանվել ու նորից վերադարձել է իր կրթօջախը:
Աշակերտը հեռանում է դպրոցից, քանի որ իր թյուր մտածելակերպով կարծում է՝ եթե երգել գիտի, սպորտում լավ մարզիկ է կամ տեսանելի է մեկ այլ ասպարեզում, նույնիսկ հասարակական հանրօգուտ աշատանքների մասնակից է, ապա պետք է ուսուցիչները պարտավորված զգան իրեն դասամատյանում լավագույնս գնահատելու:
Այսպես մի քանի օրինակներով արտահայտվեմ: Հայոց լեզվի գոյական թեման աշակերտը թեթևակի անցնում է տարրական դասարանում, մանրամասն ուսումնասիրում է 7-րդում, ավագ դասարաններում վերհիշում է անցած նյութերը, բայց նորից այն տարրականի իմացությամբ, թե «որն է կոչվում գոյականը և քանի տեսակ է լինում» հարցերի պատասխանների շրջանակներում ցանկանում է դրական գնահատական ապահովել՝ այն դեպքում, որ նույնիսկ անհարմարությունից ամոթի զգացում ես ապրում, որ ավագ դասարանի աշակերտը տարիներ շարունակ նստել է դպրոցի նստարանին ու տվյալ թեմայում մնացել տարրականի իմացության շրջանակում:
11-րդ դասարանի հայոց լեզվի վերջին դասանյութը կետադրությունն է, հայերենի բազմաթիվ կետադրական նշաններ գործածվում են՝ համապատասխան օրենքներից ելնելով, աշակերտը չի ուզում վերհիշել, որ հետագայում այն պիտի ապահովի իր գրավոր խոսքի գրագիտությունը կետադրության առումով: Նրան չի հետաքրքրում դասանյութը, երբ ուշադիր ուսումնասիրության արդյունքում նա պետք է կարողանա կետադրի տվյալ տեքստը, ճարահատյալ նրան առաջարկում ենք՝ գրել և կետադրել որևէ նախադասություն, գուցե այդ ձևով ապահովի մի նվազագույն դրական գնահատական...Բայց ինչպե՞ս կարող է իմանալ ստորակետի կամ բութի ճիշտ գործածության մասին անգամ մեկ նախադասության մեջ, երբ չի լսում և չի ուզում սովորել դասագրքի համապատասխան դասանյութը:
Նույն դասարանի հայ գրականության վերջին թեման Ակսել Բակունց դասական գրողն է, նրա կենսագրությունը՝ իր անցած ծանր ու դժվարին ճակատագրով, հիասքանչ պատմվածքները, որոնցից յուրաքանչյուրը մի-մի գլուխգործոց են: Աշակերտին չեն հետաքրքրում այդ դասանյութերը, առավելապես չի ցանկանում կարդալ այն փոքր ծավալի պատմվածքների բնագրերը, նրան ուրիշ հետաքրքրություն են պետք, գուցե նաև դաս վարելու մեկ այլ մեթոդ: Բայց մի՞թե «Ալպիական մանուշակ», «Միրհավ» կամ «Ծիրանի փող» անցնելու համար կա ավելի գեղեցիկ հրաշալիք, նույնքան էլ ափսոսանքի զգացողություն, քան այդ և մյուս այլ ստեղծագործությունների մասին արտահայտվելն է, թեկուզ բնագրերի ընթերցանությունը, որից խուսափում է աշակերտը:
Եվ վերջապես՝ այս քանի տարիներին կրթության համակարգում ընդունված «օրինաչափության» սկզբունքներից ելնելով՝ այդ ո՞ր մի շրջանավարտն է, որ բուհ չի ընդունվել՝ անկախ այն հանգամանքից, թե նա ինչպես է սովորել ու ավարտել դպրոցը: Վաղուց մոռացվել է հայտնի խոսքը. «Արհեստը ոսկե բիլազուկ է», այնինչ շրջապատում բուհ ընդունվելու մարմաջով են տառապում: Հուսանք նոր ժամանակները նոր կրթություն կբերեն իրենց հետ, որտեղ բարձրագույնի դռները բաց կլինեն միայն գիտելիքների տեր դիմորդների համար:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 16764 անգամ