Տարոն Մարգարյանի վախճանը. հատուցման ժամը մոտ է
2018-05-16 12:18:00
Հեղափոխության առաջ բերած փոթորկից քշվածների թիվը առաջիկայում կարծես ևս մեկով ավելանալու է:
Տարոն Մարգարյանի գլխին մութ ամպեր են կուտակվել, ու Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հիմա էլ հասարակությունը սկսել է պահանջել Երևանի քաղաքապետի հրաժարականն, ինչը, նկատենք, գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Մայրաքաղաքում այժմ հուժկու ցույցեր են ընթանում Մարգարյանի հրաժարականի պահանջով:
Իսկ մեծ կրակի բռնկման առաջին ու վճռորոշ կայծի դեր, ինչպես պարզվում է, խաղացել է՝ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի բնորոշմամբ՝ «կոմունիստական շրջանի հին այգում» քաղաքապետարանի կատարած ծառահատումները՝ հերթական կառուցապատման նպատակով:
Ինչ խոսք՝ ապօրինի ծառահատման ենթարկված մեկ այգին էլ կարող է լիովին բավարար համարվել՝ ցանկացած քաղաքի քաղաքապետի հրաժարականը պահանջելու, նրան պատասխանատվության կանչելու համար, սակայն միանշանակ է, որ փողոց դուրս եկած ցուցարարները միայն այդ այգու պատճառով չէ,որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Հայաստանում ու դրա սահմաններից դուրս գտնվողներին վաղուց էր հայտնի այն ճշմարտությունը, որ մայրաքաղաքի քաղաքապետարանի ստվերային շրջանառությունը միլիարդների է հասնում, ու միայն պետական գնումների շրջանակներում Տարոն Մարգարյանի կատարած շռայլ ու անհիմն ծախսերը կարող էին լիովին բավարար համարվել՝ նրան դեռ վաղուց նման կերպ փաստի առաջ կանգնեցնելու ու պատասխանատվության կանչելու համար:
Իսկ Տարոնի հովանավորչությունը տարիներ շարունակ վայելող բարաղամյանների մասին խոսելն առհասրակ ավելորդ է:
Նմաններն են հանդիսանում հայաստանյան կոռուպցիայի, հովանավորչության, կաշառակերության ու այլ պախարակելի երևույթների այն ժանգոտած խողովակները, որոնց միջոցով ու միջնորդությամբ տարիներ շարունակ թալանվել է երկիրը: Հիմա, սակայն, եկել է հատուցման ժամը, որը խոստանում է անաչառ ու անզիջում լինել:
Անվիճելի է, որ Տարոն Մարգարյանի ու նախորդ իշխանությունների նմանատիպ մնացուկների դարաշրջանի ավարտն եկել է, ու հասարակությունը, ներշնչված թավշյա հեղափոխության շնչով, ոչնչի առաջ կանգ չի առնելու՝ երկրում ու, մասնավորապես, Երևան քաղաքում արդարություն հաստատելու համար:
Ժողովուրդը մեկ անգամ արդեն ի ցույց է դրել երկաթյա կամքի ուժն,և հիմա ոչինչ նրան չի խանգարում անել դա երկրորդ անգամ:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 4859 անգամ