Հայրենյաց դաս. «Ես մի զարկն եմ քո բազկի»
2018-05-14 10:04:00
Դպրոցի 4-րդ ա դասարանի միջոցառումը՝ դասվար Լիանա Ստեփանյանի նախաձեռնությամբ, հայրենասիրության դաս էր, որ իր շուրջն էր հավաքել դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին: Գրական-երաժշտական ցերեկույթին հրավիրված էին նաև զինվորներ: Խորագիրը՝ «Ես մի զարկն եմ քո բազկի» պարտավորեցնող էր, չորրորդցիների համար մի-մի խոստովանություն, որ հայրենիքն ամենուր իրենց հետ է, իրենց հոգում և շուրթերին:
«Հայրենիքն այն օդն է, որը մենք շնչում ենք, ու այդ օդը մենք պետք է միշտ մաքուր պահենք» /Նարեկ/: «Հայրենիքն այն ծաղիկն է, որին չի կարելի քաղել ու անզգուշաբար դեն նետել, որովհետև կամաց-կամաց կվերանան նրա նման նուրբ ու բազմերանգ շատ ու շատ ծաղիկներ» /Մոնիկա/: «Հայրենիքն այն աղբյուրն է, որից ջուր ես խմում, իսկ հայտնի առածն ասում է. «Այն աղբյուրը, որտեղից ջուր ես խմում, քար մի՛ գցիր, մի՛ պղտորիր» » /Աննա/: «Հայրենիքն այն քարն է, որն ընկած է ճամփի եզրին, ցանկապատի մոտ, և ամեն անգամ նայելիս, թվում է, թե քար չէ, այլ՝ անմատչելի ծերպերից պոկված եղնիկ» /Աստղիկ/: «Վերջապես՝ հայրենիքն այն է, որի փրկության համար քաջարի որդիները զոհվեցին և հուշարձաններ դարձան, որ հավերժ ապրի ու ծաղկի մեր երկիրը» /Կարեն/:
Միջոցառման բացման խոսքը պատկանում էր դասվար Լիանա Ստեփանյանին: Մեր ժողովրդի անցած ճանապարհն էր ներկայացվում, այն բոլոր հաղթանակները, որ կռեց արցախցին, ընդհանրապես՝ մի ամբողջ հայոց ազգ: Տարրական դասարանի այն չորս տարիների համատեղ աշխատանքի քննարկում չէր և ոչ էլ՝ հրաժեշտի խոսք՝ ուղղված իր աշակերտներին, երբ հաջորդ ուսումնականից այլևս նրանց չէր դասավանդելու: Հայրենասեր սերունդ էր փոխանցվում, մի սերունդ, ով պատերազմ էր տեսել, ով կոփվել էր այն ապրիլյան հրետակոծությունների տակ, ու իր հայրենապաշտությամբ և ազատ ու խաղաղ ապրելու իրավունքով բեմ էր բարձրացել՝ ի ցույց դնելով այն սերը, որ ունի մեր հողի, մեր սուրբ հայրենիքի հանդեպ:
Տղաների թե աղջիկների զինվորական համազգեստն իսկ ցուցադրում էր այն ոգին ու հպարտությունը, որ կրում էին իրենց մեջ այս փոքրիկները: Նրանց հոգուց բխած երգն էր հնչում. «Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, Նոր օր է արթնացել, Վե՛ր կաց, Եղբա՛յր իմ, Նոր կյանք է շունչ առել...»: Երգին զուգահեռ տեսանյութ էր ցուցադրվում էկրանին, իսկ բեմականացված փոքրիկ դրվագը հուզիչ էր, երբ վիրավոր զինվորին փրկելու համար նրա ընկերներն իրենց կյանքը վտանգելով՝ օգնում են նրան, հանում հրետակոծվող գոտուց: Ու երգը հնչում էր՝ որպես պատգամ. «Բարձրացրու՛ գլուխդ, զինվո՛ր, Բա՛ց արա հոգնած կոպերդ, Քո սխրանքն անմահ է, Քո անունը՝ մեր սրտերում»:
Աղջիկների պարը, փոքրիկ զինվորների քայլերգը՝ երգի հնչյուններին միահյուսված, նրանց ասմունքը հայրենի երկրի, հայ ժողովրդի փառաբանում էր, որոնք ուղեկցվեցին հանդիսատեսի բուռն ծափահարություններով: Միջոցառման վերջում չորրորդ դասարանցիների կողմից քաղցրեղենով, մրգերով ու նամակներով ծանրոց փոխանցվեց զինվորներին, դասվար Լ. Ստեփանյանին ծաղիկներ նվիրեցին, դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանի կողմից շնորհակալական խոսք ուղղվեց աշակերտներին ու դասվարին:
Եզրափակիչ խոսքը պատկանում էր մանկավարժիս, ով ելույթ ունեցավ ծնողների անունից՝ որպես այդ դասարանի աշակերտ Նարեկ Բեջանյանի տատիկ: Թոռնիկս հպարտությամբ նորից Մարտակերտի մասին ասմունքել էր: Այս տողերը դեռ նոր սովորած՝ առաջին անգամ արտասվախառն հնչեցրել էր նա դեռևս 2016-ի ապրիլի 2-ի առավոտյան, երբ Մարտակերտը հրետակոծվում էր: 
Իմ մա՛յր հայրենիք, սիրում եմ ես քեզ,
Սիրում եմ հոգով, սիրում եմ սրտով,
Սիրում եմ` ինչպես հարազատ մորն իմ,
Ու եթե հանկարծ թշնամին վայրագ հարձակվի վրադ,
Իմ կյանքը կտամ, իմ շունչը կտամ,
Իմ Մարտակե՛րտ, օտարին քեզ չեմ տա:
Հիացմունքի խոսք հնչեցրի այս փոքրիկ զինվորների մասին, ովքեր բեմն իրենցը դարձրին երգ ու պարով, ասմունքով... Այն ձայնի ելևէջների, ճկուն շարժումների, արտահայտիչ արտասանությունների, բեմականացված հերոսական դրվագների ցուցադրում էր՝ էկրանին հաջորդաբար երևացող զոհված հայորդիների դիմանկարներով, հայրենի Արցախի հիշարժան վայրերի, հոգևոր կառույցների տեսանելիությամբ: Դա ծնողների անունից երախտագիտության խոսք էր բոլոր երեխաներին, դասվար Լիանա Ստեփանյանին, ով հայրենիքի սիրո վեհ գաղափարի սերմերն էր ցանել այդ փոքրիկների հոգում, սերունդ, ով այդ սերը պիտի իր հետ տանի դեպի ապագան, այն լուսավոր գալիքը, որտեղ խաղաղ ապրելու երազանքներ կան, նոր արշալույսներ:
Միջոցառման ավարտից հետո չորրորդցիների շփումը զինվորների հետ ավելի մտերմիկ էր՝ հյուրընկալ սեղանի շուրջ, ծնողների մասնակցությամբ: Նրանք զինվորների կողմից հուշանվեր ստացան: Ամրագրվեց նրանց միջև հարազատ ու ջերմ հարաբերություն, մի հայրենյաց դաս, որ երախտիք էր ու սեր հայրենիքի, մեր հող ու ջրի, սահմանը պաշտպանող զինվորների ու սերնդի հանդեպ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 19332 անգամ