Երկու գործիչներն էլ ազնիվ հեղինակություն ունեն.ո՞վ կլինի Փաշինյանի կառավարության ԱԳ նախարարը. Politik
2018-05-10 14:02:00

Նիկոլ Փաշինյանի  ՀՀ կառավարության ղեկավար ընտրվելուց հետո ակտիվ քննարկումներ են սկսել, թե ինչպիսին է լինելու նրա նախարարական թիմը: Այս պահին դեռևս հստակություն չկա, թե որ ուժերից և կոնկրետ ովքեր կհայտնվեն նոր կառավարության կազմում, սակայն քննարկումների ժամանակ հնչում են տարբեր անուններ:

Փաշինյանի համար կառավարությունում առանցքային պետք է լինեն ուժային կառույցների ղեկավարները և Արտաքին գործերի նախարարությունը, քանի որ նրանք են ապահովելու երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և դիմակայելու արտաքին մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առաջ:

Հայտնի է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում քննարկվում է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի թեկնածությունը: Նրա անունը շրջանառության մեջ է դրել հենց Փաշինյանի թիմակից, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Կարևոր է նաև, թե ով է զբաղեցնելու ԱԳ նախարարի պաշտոնը: Այստեղ տարբեր անուններ են հնչում: Շատերը կարծում են, որ ԱԳ լավ նախարար կարող է լինել Թևան Պողոսյանը, քանի որ նա ունի բավական լավ կրթություն և դիվանագիտական հմտություններ, ինչը ապացուցվել է մի քանի անգամ ներքաղաքական խնդիրների հարթման ընթացքում:

ԱԳ նախարարի թեկնածուների թվում նշվում է նաև դիվանագետ Արա Պապյանի անունը: Նախ Պապյանը մասնագիտացված դիվանագետ է, եղել է Կանադայում ՀՀ դեսպանը ու բավական լավ է պատկերացնում ՀՀ շահերը: Նա նաև Հայաստանի արտաքին դիվանագիտության մասով ունի հետաքրքիր լուծումներ, որոնց մասին երկար տարիներ խոսել է իր հրապարակային ելույթներում:

Իհարկե այս անունները հնչում են քաղաքացիների քննարկումներում և դեռ հստակ չէ, արդյո՞ք Փաշինյանը դիտարկում է սույն գործիչների թեկնածությունը, սակայն այս երկու թեկնածուների դեպքում էլ նոր կառավարությունը կարող է շահել: Երկու գործիչներն էլ ազնիվ հեղինակություն ունեն և երբեք կասկածելի պատմությունների մեջ չեն հայտնվել:

Այս նյութը դիտել են - 5926 անգամ