Վլադիմիր Գասպարյանի անկումը. Ի՞նչ է թողնում նա իրենից հետո
2018-05-10 13:47:00
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, Վլադիմիր Գասպարյանին ազատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից:
Այսպիսով Գասպարյանն, ով համակարգը ղեկավարում էր գրեթե 10 տարի, հեռացվել է դրանից՝ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում:
Սովորաբար, ընդունված կարծիք կա, որ գնացողի հետևից կա՛մ լավն են ասում, կա՛մ ոչինչ: Սակայն համաձայնե՛ք,որ սա այդ դեպքը չէ, ու Գասպարյանի հետևից միայն լավ բաներ ասելու համար մարդ պետք է կա՛մ կորցրած լինի իրականության զգացումը, կամ անմիջականորեն սնվելիս լինի Գասպարյանի գրպանից:
Զուտ օբյեկտիվորեն չափազանց դժվար է դրական գնահատել Վլադիմիր Գասպարյանի 10-ամյա գործունեությունը այն պաշտոնում, որից հիմա նրան օրենքի ուժով զրկել են:
Ի՞նչ է թողնում նա իրենից հետո:
Առանձնապես ոչ մի լավ բան.վերին աստիճանի վարկաբեկված համակարգ, սեփական ղեկավարի ֆինտուֆլյուշկաներից լռելյայն դժգոհող բարձրագույն սպայական կազմ, քաղաքացիներին մինչև հոգու խորքը զզվեցրած արագաչափեր, արևմտյան համազգեստով, բայց շատ հաճախ ասիական բռի ցեղերին հատուկ մտածելակերպով ու գործելաոճով «մլիցաներ» և վերջապես ֆեյսբուքյան տխրահռչակ ֆեյքերի բյուրավոր բանակ, որի բանուգործն այսքան տարի եղել է անմեղ մարդկանց վարկաբեկելն ու բարոյական հարված հասցնելը,(նրանց բազմաթիվ զոհերից մեկն էլ ես եմ՝ ինչպես գիտեք): Ֆեյքերը խմբով են մարդկանց վրա հարձակվել, որոնց ղեկավարել են համակարգից հավերժ վռնդված Նարեկ Մալյանն, Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ու կլասիկ ոճի մեջ խաղացող Աշոտ Ահարոնյանն:
Եվ, ուրեմն՝ ինչո՞ւ պետք է այսօր մարդիկ թախծեն Վլադիմիր Գասպարյանի կրճատմամբ, այլ ոչ թե ցնծան ու ուրախանան:
Թո՛ղ ոչ ոքի չթվա, թե այդ ուրախությունը պարզ նախանձի կամ մեկ այլ բանի արդյունք է, թո՛ղ չթվա, թե չարությունն է ընկած քննադատության հիմքում, բնավ ո՛չ:
Սա ընդամենն իրողութությունների պարզ ամրագրում է ու մի հույս՝ վստահությամբ ամրապնդված, որ Գասպարյանից հետո Հայաստանի ոստիկանական համակարգը էապես բարեփոխվելու է, մարդկայնանալու ու սեփական գործունեության նպատակ է դարձնելու ոչ թե զանազան կլյաուզաների ու մարդկանց գլխին գործ կարելու միջոցով օդը պղտորելն, այլ ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, ոչ թե PR-ն, այլ պարզապես օրենքով սահմանված գործառույթների բարեխիղճ կատարումը:
Այո՛, կյանքում ոչինչ հավերժ չէ, ու անցողիկ են փառքն ու պաշտոնը: Հարցը միայն այն է, թե ինչպես են համապատասխան մարդիկ կյանքում օգտագործում այն լայն հնարավորությունները, որոնք կյանքի բերումով բաժին են հասնում իրենց:
Ունի՞,արդյոք Վլադիմիր Գասպարյանը գլուխը բարձր հեռանալու հիմքեր:
Միանշանակորեն՝ ՈՉ, նա վաղուց անդառնալիորեն վատնել էր պետության կողմից իրեն պահ տված ավանսը…
VLADIMIR GASPARYAN, GAME OVER
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 35415 անգամ