Հաղթանակ . նոր Հայաստանն իրականություն է
2018-05-08 09:49:00
 Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ է :
 59 կողմ ձայներով ժողովրդի թեկնածուն իր վերջնական իրագործմանը հասցրեց հայ հասարակության՝ վերջին շրջանի կարևորագույն իղձն ու իսկապես վաստակեց Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնն՝ իր թիկունքում ունենալով գործնականում ողջ հայության անվերապահ աջակցությունն ու համակրանքը : 
Փաշինյանի տեսլականը շատ պարզ է՝ ունենալ դինամիկ զարգացող, 21-րդ դարին համապատասխան պետություն՝ երկիր, որ, հզորանալով ներսից, կկարողանա լիարժեքորեն ռեալիզացնել սեփական իրավունքներն ու հնարավորությունները նաև միջազգային ասպարեզում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրում:
Աներկբա է, որ այս հաղթանակն իր տրամաբանական լրմանը ոչ մի կերպ չէր հասնի, եթե նախևառաջ չլիներ ողջ հայության աջակցությունը Փաշինյանի նախաձեռնած շարժմանը:
Թե՛ Հայաստանում ու թե՛ Սփյուռքում այս օրերին դրսևորված անօրինակ խրոխտության ու սկզբունքայնության արդյունք է նաև Փաշինյանի, իսկ իրականում ժողովրդի հաղթանակը, որին,սակայն, անմիջապես հաջորդելու է քրտնաջան ամենօրյա աշխատանք՝ ներշնչված բոլորովին նոր սկզբունքներով՝ տարբեր նախորդից:
Կարևոր է, սակայն, գիտակցել նաև, որ առանց Սփյուռքի լիակատար ու բազմակողմանի աջակցության անհնար է լինելու Հայաստանի լիակատար վերափոխումը, քանի որ հայրենիք կառուցելու ու այն իսկապես շենացնելու համար միայն Հայաստանի ունեցած ներքին ռեսուրսները բավարար չեն լինելու ստեղծված ճգնաժամային իրավիճակից հաջողությամբ դուրս պրծնելու համար: Ժամանակավոր կառավարության առաջնային խնդիրն, ըստ էության, այսուհետ մեկն է լինելու՝ հնարավորինս ապահովել բարենպաստ պայմաններ ու միջավայր նաև Սփյուռքի ներուժի օգտագործման համար՝ ի փառս Հայաստանի Հանրապետության ու դրա ժողովրդի:
Մնացածը ժամանակի հարց է:
Այս նյութը դիտել են - 3850 անգամ