Փորձուսուցում, որ իր հետ սեր բերեց ուսուցչի աշխատանքի հանդեպ
2018-05-05 19:28:00
Միշտ էլ ազատ եմ իմ արտահայտությունների մեջ, ամենևին չեմ մտահոգվում, որ կարող է արտահայտածս մտքերը որևէ մեկին դուր չգան, երբ յուրաքանչյուրս ազատ ենք մեր կարծիքներում: Միշտ չէ, որ մարդը հանգիստ ընդունում է իր սեփական թերությունները, նաև մեզանից ոչ մեկն էլ կատարելության տիպար չէ, բայց երբեմն պետք է ընդունենք այն դիտողությունները, որոնք կոփում են, հասցնում մեզ մեր նպատակների իրականացմանը:
Անսովոր է ի՞նչը....Դեռևս ուսանողական նստարանին նստած ու դպրոց մտած փորձուսույցի ակտիվությու՞նը, առարկայի հանդեպ ունեցած նրա հետաքրքրասիրությու՞նը, դաս վարող ուսուցչուհու մեթոդիկային ծանոթանա՞լը...Ո՞րն է անսովորը, որ առաջին իսկ դասաժամից ինձ համար դիտվեց սովորական: Ինչու՞ ճիշտ ճանապարհը ոմանց համար ոչ դյուրին է ընկալվում, ինչու՞ մի ուսուցչի համար տվյալ երևույթը դրական է, մյուսի համար՝ բացասական: Եթե թերություններ կան, ապա ուղղորդենք ու վերացնենք դրանք, բայց ոչ թե սվիններով, այլ ժպտալով, մեղմորեն թափանցելով դիմացինի հոգին, հասկանալով ու հասկացնելով...
Օրեր առաջ նրա հետ առաջին իսկ շփումից հասկացա, որ գործ ունեմ բանիմաց, իր առարկան սիրող, դրական լիցքերով օժտված անձնավորության հետ, ով եկել էր մեր դպրոցը՝ որպես փորձուսույց: Իմ ծանրաբեռնված աշխատանքային գործունեությանը զուգահեռ՝ սկզբում ոչ այնքան դրականորեն ընկալեցի, որ ինձ կցված է ուսանողուհի, ով եկել է մանկավարժիս փորձը փոխանակելու: Նույնիսկ առաջարկս՝ գուցե մեկ ուրիշ ուսուցչի փորձի ծանոթանար, երբ այդ օրերին շրջանի տարբեր դպրոցներում, որպես հանձնաժողովի անդամ, ընդգրկված էի շարադրությունների և ասմունքի մրցույթներին, բայց կողքից լսեցի, որ հենց ինքն է ցանկություն հայտնել՝ պասիվ փորձուսուցումը անցկացնել ինձ մոտ, լինել իմ դասերին, ծանոթանալ իմ մանկավարժական փորձին:
Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի բանասիրականի 3-րդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Բաղդասարյանի հետ իմ շփումը որքան զարմանալի, նունքան հրաշալի տպավորություն թողեց, որ իմ կողքին նա մե՛կ երևում էր որպես աչքաբաց, անմիջական ու անկեղծ բնավորությամբ, մե՛կ տեսնում էի հասուն մտքերով, ազատ կեցվածքով ու բարձր ինտելեկտով, ով՝ որպես նոր սերնդի ներկայացուցիչ, գրավեց ինձ իր ակտիվությամբ, նպատակասլաց հայացքներով:
Տարբեր դասարաններում նա ինձ երևում էր յուրովի տարբեր, չնայած միշտ էլ ձգտել եմ նրան տեսնել իմ առջև՝ առաջին նստարանին նստած՝ ելնելով այն հանգամանքից, որ երբեմն խոսքի փոխանակության կարիք էր լինում: 12-րդ դասարանում այն սակավաթիվ աշակերտների կողքին ինձ համար նա կարծես աշակերտուհի էր, նորեկ, ում հետ երբեմն ինչ-որ բան էի բացատրում կամ լսում էի հենց իրենից, նույնիսկ թույլ տալիս, որ դասանյութի վերաբերյալ ազատ արտահայտվեր:
Ես բերկրանքով ընկալեցի նրա ոգևորությունը, երբ 11-րդ դասարանում դասը պատմած լավագույն աշակերտուհուն ինքը ցանկացավ գնահատել: Մի՞թե հաճելի չէ, որ նրա նշանակած «10» գնահատականը պիտի մնա իմ աշակերտուհու հիշողության մեջ, թե ինչպիսի հիացմունքով փորձուսույցն այդ գնահատականը նշանակեց իր օրագրում: Ողջունելի էր նրա՝ մեր մասնագիտության տարբեր ուսուցիչների մոտ դասալսումների մասնակցելը, նույնիսկ առաջարկը, որ ցանկություն ունեցավ մասնակցելու անգամ իմ դասղեկական դասաժամին: Սիրով ընդունեցի նրա հիացական ոգևորությունը տարբեր դասարաններում, նույնիսկ՝ ինչ-որ առիթով նրա զարմացական հայացքը, անգամ ըմբռնումով հասկացա նրա դժգոհությունն այս կամ այն բացասական երևույթի հանդեպ, նաև համոզվեցի, որ այսպիսի կերպարները կկարողանան դառնալ մեր գործի անժանավոր շարունակողներ:
Ինչու՞ մանկավարժիս հարաբերությունը փորձուսույց Տաթևիկ Բաղդասարյանի հետ բարձր մակարդակով, նույնքան բարձր հասկացվածությամբ տեսանելի դարձավ դպրոցում: Ինչու՞ նրա իսկ խոստովանությամբ սեր ծնվեց նրա մոտ ուսուցչի աշխատանքի հանդեպ: Ինչու՞ նա հիացմունքով ընկալեց մանկավարժիս ու մարդու՝ իմ տեսակի կերպարը... «Ինչու»-ների շարքը կարելի է ավելացնել, բայց նորից ուզում եմ կանգնել հայտնի ճշմարտության վրա, որ գեղեցիկը կփրկի աշխարհը, եթե գեղեցիկ հայացքով նայենք մեր շրջապատին, այդ գեղեցիկը տեսնենք մարդու աշխատանքում, նրա բնավորության մեջ, կատարած արարքներում, ամենուր՝ զերծ մնալով մանր-մունր թերությունների ուռճացումից, բացասական լիցքեր փոխանցելուց, որ առկա են մեր շրջապատում: Ազատվենք խորհրդային ժամանակների քարացած կաղապարներից, ապրենք այն նորով, որ իր հետ բերում է այս սերունդը: Նաև ցանկալի եմ համարում ասել, որ ամենևին ինձ չհակառակվեն նրանք, որոնց քիմքին հաճելի չի լինի իմ այս տեսակետը, անգամ այս հրապարակած հոդվածը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 16396 անգամ