Սամվել Ալեքսանյանին ունեզրկե՞լ են
2018-05-04 14:42:00
Պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով՝ ոմանք մտավախություն ունեին, որ երկրում արդարության մթնոլորտի հաստատման նպատակով Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը ապագայում կարող է «վենդետա» իրականացնել հասարակությանը տասնամյակներով «քերած», ժողովրդի «աչքի փուշը» դարձած որոշ օլիգարխների ու չինովնիկների նկատմամբ ու գնալ ունցվածքի վերաբաշխման ճանապարհով: 
Չնայած «Ելք»-ից բազում անգամներ արդեն իսկ հնչել են հավաստիացումներ, որ նման բան տեղի չի ունենալու, սակայն կարծես որոշ օլիգարխների սրտում դեռևս կա որոշակի վախ՝ սեփական ճակատագրի հետ կապված:
Հայաստանում ու դրա սահմաններից դուրս մեծ «հռչակ» վայելով մենաշնորհատեր Սամվել Ալեքսանյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե բիզնեսները պահելու համա՞ր է որոշել քվեարկել Փաշինյանի օգտին, ինչի մասին նախապես հայտարարել էր, Ալեքսանյանն ասել է, թե ինքը բիզնես չունի ու կողմ է, որ բոլոր մենաշնորհները վերացնեն, քանի որ մենաշնորհ էլ չունի:
Ի՞նչ խոսք՝ հայրենի օլիգարխիայի ամենավառ ներկայացուցչի խուճապային տրամադրությունը հասկանալի է: Երկրում կարգեր են փոխվում, ու բնազդաբար կարիք է զգացվում ինքնապաշտպանական գործողությունների կամ գոնե արտահայտությունների՝ թեկուզ իրականությունն ուրանալու ճանապարհով:
Այստեղ, սակայն, հետաքրքրական է այն, թե ինչ կեցվածք է փորձում ընդունել մի մարդ, ում բիզնեսներին հաշիվ գոյություն չունի: Նա, փաստորեն, հայտարարում է, որ վարձու աշխատող է:
Տրամաբնական հարց է առաջանում՝ հատկապես ե՞րբ են, ո՞ր ժամանակահատվածում են թալանի, ունեզրկման ենթարկել Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին, հատկապես ո՞վ է համարձակվել ձեռք բարձրացնել իշխանությունների սիրելիի վրա ու նրան թողել մայկա-տռուսիկով:
Իրականում Սամվել Ալեքսանյանի պատասխանն իր մեջ մտահոգիչ տարրեր է պարունակում:
Ըստ էության՝ գործ ունենք չարդարացված խուսափողական կեցվածքի հետ, ինչը կարող է վկայել այն մասին, որ նոր իշխանություններին չափազանց դժվար է լինելու օլիգարխին լիարժեք հարկային դաշտ բերելը:
Հարց՝ միայն նրա՞ն, թե՞ մյուսներին ևս:
Այս նյութը դիտել են - 4604 անգամ