Հետաձգելով ևս մեկ շաբաթով՝ ՀՀԿ-ն փորձում է երկիրը տանել սահմանադրական ճգնաժամի ճանապարհով
2018-05-02 13:39:00
Մայիսի 1-ին ՀՀ վաչապետի ընտրության միտումնավոր տապալումը ՀՀԿ-ի կողմից երկրում առաջ է բերել բոլորովին նոր իրավիճակ,շատ իմաստներով տարբեր նախորդ փուլերից:
Այժմ Հայաստանում բարձրացած հեղափոխական ալիքը շատ ավելի մեծ է, քան երբևէ: Բյուրավոր մարդիկ շրջափակել են օդանավակայանը, երկաթուղին, կարևորագույն փողոցներն ու մայրուղիները՝ սեփական բողոքի ձայնը բարձրացնելով մայիսմեկյան նիստի ընթացքում ՀՀԿ-ի ջայլամային կեղվածքի նկատմամբ:
Ի՞նչ կարող է տալ ՀՀԿ-ին փաստացի իրողության չճանաչումը, Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում տեսնել չկամենալը: Թերևս, կարող է միայն բարդացնել կուսակցության՝ առանց այն էլ գերծայրահեղ վիճակն ու մեկընդմիշտ դուրս մղել դրան հայաստանյան քաղաքական կյանքից՝ առանց վերադարձի որևիցե հնարավորության:
Մյուս կողմից կարևոր է նաև հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել ՀՀԿ-ական պատգամավորները՝ չարաշահելով խորհրդարանում մեծամասնություն լինելու փաստը: Ակնհայտ է, որ նրանք չէին կարող չկռահել համաժողովրդական ռեակցիան, որն անպայմանորեն հետևելու էր համապատասխան գործողություններին:
Փաստորեն ՀՀ վարչապետի ընտրության հարցը փաստացի հետաձգելով ևս մեկ շաբաթով՝ ՀՀԿ-ն փորձում է երկիրը տանել սահմանադրական ճգնաժամի ճանապարհով: Եթե 7 օր հետո ևս պարզ չդառնա ՀՀ վարչապետի անունն, ապա, ինչպես հայտնի է, անցկացվելու են արտահերթ խորահրդարանկան ընտրություններ: Այդ ընտրությունների մե՞ջ է իր միակ շանսը նշմարում ՀՀԿ-ն, թե՞ այդ քաղաքական ուժի նպատակն է աշխարհին ապացուցել, որ առանց իրեն չի կարող կայուն Հայաստան լինել՝ շատ լավ կռահելով սեփական ճակատագիրը իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարների պարագայում:
Ակնհայտ է, որ Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է՝ արմատապես տարբեր բոլոր նախորդ շրջափուլերից, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ի մեթոդները կարող են ու անպայմանորեն աշխատելու են կուսակցության դեմ: Այն պարզապես չունի ապագա:

Այս նյութը դիտել են - 5141 անգամ