Դիմել եմ Գլխավոր դատախազին, որ հետ վերցնի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը. Կարեն Կարապետյան News.am
2018-04-23 02:23:00
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հետ:
Նա մասնավորապես, նշել է.
«Այսօր մենք որոշում ենք կայացել, եւ ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ հետ վերցնի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք եւ լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարեւոր է, եւ ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք եւ սթափություն, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, անկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող են նստել եւ տրամաբանական լուծում գտնել»:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ նախագահական նստավայրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է:
ԱԺ պատգամավորներին կալանավորելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է միջորդությամբ դիմի ԱԺ-ին՝ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:
Այս նյութը դիտել են - 3463 անգամ