Սերժ Սարգսյան, վերջապես զարթնիր խոր քնից ու հասկացիր, քեզ ժողովուրդը միանշանակ ասում է՝ ՈՉ..
2018-04-23 00:58:00
Սա անհավանական մի պոռկոթում էր 
Ընթերցելով Աշոտ Ասատրյանի ՖԲ-ում տեղադրված նյութը, ինքս էլ մտորումների գիրկն ընկա։Ախր ես էլ չէի հավատում Նիկոլ Փաշինյանին, չէի հավատում ու վերջ ։Բնավորությամբ մի քիչ անհավատ ու կասկածամիտ լինելով, նրա ընդվզումները դիտում էի որպես բռնակալական թայֆայի մի մասնիկ։ Չէի պատկերացնում,որ հենարան ու ֆինանսական ամրություն չունենալով, կարող է մասսայական ճանաչում ունեցող թերթի խմբագիր,քաղաքական գործիչ ու դեպուտատ լինել։ 
Առանց անհարմար զգալու, որ երկրացիս է,ՖԲ-ում մեկնաբանություններ էի գրում նրա դեմ։ Անգամ մտերիմներիցս մեկն էլ դիտողություն արեց․ «Նիկոլին լավ չես ճանաչում, իզուր ես այդպես արտահայտվում,փոխիր համոզմունքներդ»։
Հիմա եմ զգում,որ սխալվել եմ,այդպիսինն եմ, ի՞նչ արած, մարդ եմ,սխալական էլ կարող եմ լինել։
Այսօր,այս զարթոնքը տեսնելով,արցունքներս չեմ կարողանում զսպել:
Նիկոլն անհավանականն արեց,Նիկոլը կանգնեց ժողովրդի կողքին ու առաջնորդեց։Սա անսպասելի մի պոռթկում էր, սա ֆանտաստիկ երևույթ էր,որ պատկերացնել անգամ անհնարին էր։
Աղջիկս զանգահարում է․ «Մամ,դասընկերս՝ Արման Ոսկանյանը, Ուկրաինայից տոմս է վերցրել ու թռչում է Երևան, ցուցարարների կողքին լինելու համար։Մի քանի տոմս էլ ավել է վերցրել և առաջարկում է ցանկացողների»։
Ինչ ասես այս երևույթին, պատասխան էլ չունեմ։ Ես էլ այսօր, կիրակնօրյա պատարագին մասնակցեցի, հայրենակիցներիս ու Նիկոլի համար մոմ վառեցի,Աստված թող պաշտպանի նրանց սերժականներից։
Այդպիսինն ենք մենք՝ հայերս,ամենադժվար պահերին սատար ենք կանգնում, համախմբվում ու դառնում մի բռունցք։ Դա ազգային դիմագիծ է և ուժեղ բնավորություն։ Իսկ դու՝ Սերժ Սարգսյան,վերջապես զարթնիր խոր քնից ու հասկացիր,ավերակների վրա թագավորություն չեն կառուցում,քեզ ժողովուրդը միանշանակ ասում է՝ ՈՉ...
ՀԱՅԿՈՒՇ ՆԱԶԻՆՅԱՆ
Այս նյութը դիտել են - 3756 անգամ