Ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին կիրառել: Բախումների հետեւանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 46 հոգի «Ժողովուրդ»
2018-04-16 10:09:00

«Ժողովուրդ»-ը գրում է.

Այսօրվա՝ ապրիլի 16-ի ժամը 19։00-ի դրությամբ Երեւանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։ Այս մասին հայտարարում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հետաքրքրվել տուժածների առողջական վիճակով եւ նրանց բուժման ընթացքով։ Լեւոն Ալթունյանին ներկայացվել է, որ տուժածների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, իրականացվում է նրանց շարունակական հսկողություն։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Ոստիկաններից մեկը վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետների գնահատմամբ նրա վիճակը համապատասխանում է տարած վիրահատությանը։  

Առողջապահական համակարգը շարունակում է գործել ուժեղացված ծառայության պայմաններում եւ տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին ժամանակին եւ որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։ 

Ցերեկը բախումների արդյունքում վնասվածքներ ստացած անձանց թվում էր նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա փորձել էր անցնել փշալարերը, ինչի արդյունքում վնասել էր ձեռքը: Ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին կիրառել: Բախումների հետեւանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 46 հոգի (այդ թվում Փաշինյանը): Վիրավորներից 6-ը ոստիկաններ են։

Այս նյութը դիտել են - 3629 անգամ