Կառավարության կազմում Սերժ Սարգսյանը արմատական փոփոխություններ կանի տարեվերջին.
2017-11-04 00:14:00

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Թեև իշխող ՀՀԿ-ն պաշտոնապես դեռ չի որոշել, սակայն այլևս որևէ կասկած չկա՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ, ՀՀ վարչապետի՝ նոր Սահմանադրությամբ պետության փաստացի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվելու կառավարության կազմում լուրջ փոփոխություններ իրականացնել:

Միայն նշանակվելու են փոխվարչապետներ, ընդ որում՝ առաջին փոխվարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը: Իսկ նախարարները շարունակելու են պահպանել իրենց պորտֆելները: Սակայն սա մինչև տարեվերջ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ պատրաստվում է անել արդեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, երբ վերջնականապես հարմարված լինի նոր պաշտոնին:

Մեր աղբյուրները պնդում են, որ միայն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարող է չշարունակել հետագա պաշտոնավարումը. նա տարեսկզբին հրաժարական էր ներկայացրել, բայց հետո հրաժարականը ետ վերցրեց: Չնայած հավանական է, որ նա որոշի «դիմանալ» մինչև տարեվերջ և այդ ժամանակ ազատ արձակվի»:

Այս նյութը դիտել են - 8465 անգամ