Ոստիկանապետի «լեկցիաների» էֆեկտը. զբոսաշրջիկները՝ ոստիկանների թիրախում
2017-06-04 23:27:00
«Ազատություն»-ը հրապարակել է մի տեսանյութ, ուր լրագրողը փորձում է յուրատեսակ հարցախույզ անցկացնել Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկների շրջանում՝ պարզելու, թե ինչ տպավորություններ են նրանք ստացել՝ ժամանելով Երկիր:
Պարզ է դարձել, որ իրանցի զբոսաշրջիկներին Հայաստանում վանող գլխավոր հանգամանքներից մեկն էլ նրանց նկատամբ ոստիկանության բռի վերաբերմունքն է դարձել: 
Հարցախույզի ենթարկված զբոսաշրջիներից մեկի վկայությամբ՝ ոստիկանները նախ անգլերեն բացարձակապես չգիտեն՝ ի տարբերություն այլ երկրների, երկրորդ՝ ոստիկաններից՝ ասենք, ընդամենը Հանրապետության հրապարակի տեղը ճշտելը կարող է բավարար լինել, որպեսզի զբոսաշրջիկին ապօրինի կերպով բերման ենթարկեն մոտակա բաժին, այնտեղ ժամերով հարցաքննեն ու անվայել վերաբերմունքի արժանացնեն:
Մեկ այլ զբոսաշրջիկ էլ սեփական մեքենան արգելված վայրում կայանելու արդյունքում, պարզվում է, ստիպված է եղել անմիջապես ոստիկանին մուծվել 20000 դրամ, որպեսզի վերջինս աչք փակի ու ասենք քրեական պատասխանատվության չենթարկի խեղճին:
Թե ինչ է նշանակում Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտի զարգացում, երկար-բարակ պարզաբանել պետք չէ: Մի պարագայում, երբ աշխարհի ՀՆԱ-ի մի զգալի բաժինն էլ գոյանում է զբոսաշրջային բիզնեսի շնորհիվ, այսօր Հայաստանի համար խիստ ռազմավարական հարց է դարձել հյուրընկալ երկրի համբավ ձեռք բերելն ու առնվազը տարածաշրջանում կատաղի մրցակցությանը դիմադրելը: Ու այս ամենի ֆոնին հիմա պարզվում է, որ Հայաստանից զբոսաշրջիկներին վանող մի չարաբաստիկ գործոն էլ ոստիկանությունն է դարձել: Եվ ո՞վ է նրանց առիթը բաց չթողնելու ու Հայաստան ժամանած զբոսաշրջիկների «դեմքին թռնելու» հրաման տվել:
Տեսնես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, ով տարիներ շարունակ քաղաքակրթական նորմերի մասին յուրատեսակ «դասախոսություններով» է սիրում հանդես գալ սեփական «սթաֆի» առաջ, տեղյա՞կ է սեփական համակարգում տիրող լկտի բարքերի մասին: Իհարկե, բոլորին չի վերաբերվում:
Մտածե՛ք, թե որքան պետք է համակարգը փչանա, հոտի, որ այդ մասին հայտի դառնա անգամ մի քանի օրով Հայաստան ժամանող տուրիստին. բա տեղացիներն ի՞նչ ասեն…
Այս նյութը դիտել են - 5456 անգամ