Պայթյուն Երևանի սրտում. պատասխանատուներ կգտնվե՞ն
2018-04-03 08:59:00
Երևանի կենտրոնում «Բուրգեր Քինգ» արագ սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունն ցնցում է առաջացրել թե՛հայաստանյան հասարակությունում և թե՛ Սփյուռքում: 
Փայթյունը, որն, ըստ նախնական տվյալների, գազի արտահոսքի հետևանք է հանդիսացել, ու որի արդյունքում կա 8 տուժած, այդ թվում և օտարերկրացիներ, առաջ է բերել հարցեր, որոնք ոչ այնքան կենցաղային բնույթ են կրում,որքան նույնիսկ համակարգային:
Շատերն այն կարծիքին են, որ տեղի ունեցածում իրենց մեղքի բաժինն ունեն հատկապես պետական համապատասխան մարմիններն, որոնք, փաստորեն, չեն վերահսկում նմանատիպ կետերի անվտանգությանը վերաբերող հարցերն ու ամեն բան թողել են ինքնահոսի:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, իհարկե, դեռևս անհրաժեշտ բացահայտումներ կարվեն, ու հանրությունն այսպես թե այնպես կտեղեկացվի արտակարգ դեպքի իրական պատճառների մասին, սակայն անվիճելի է, որ տեղի ունեցածից պետք է հետևություններ անեն այն նույն մարմինները, որոնք պատասխանատվություն են կրում հասարակության ապահով ու անվտանգ կյանքի համար:
Տեղի ունեցածը շատ իմաստներով կարող է վտանգավոր լինել հատկապես Հայաստանի իմիջին հասցված հարվածի տեսանկյունից: Մի պարագայում, երբ նույն ոստիկանությունն ամեն առիթ օգտագործում է հայտարարելու, թե իբր, ի տարբերություն, ասենք, նույն շատ ու շատ զարգացած արևմտաեվրոպական երկրների, Հայաստանն անհեմատ ավելի անվտանգ երկիր է:
Տեղի ունեցածը կարող է միայն փաստել,որ նմանօրինակ ինքնավստահ հայտարարություններն իրականում ընդամենն ինքնագովեստին տրվելու գայթակղությանը չդիմանալու արդյունք են հանդիսանում:
Միգուցե ոմանք տեղի ունեցածը պարզ պատահար կարող են համարել՝ ամեն ինչից անկախ, սակայն անկասկած է, որ միջադեպը լրջագույն հարցեր է առաջ բերում, որոնց ոչ միայն պետք է պատասխաններ գտնել, այլև համապատասխան հետևություններ անել:
Կարվե՞ն հետևություններ: Ո՞վ գիտե…
Այս նյութը դիտել են - 3017 անգամ