Ինչի՞ց է վախենում Տարոն Մարգարյանը
2018-03-27 22:09:00
Երևանի քաղաքապետարանի շուրջ նոր սկանդալ է հասունանում : Ինչպես գրել էր hetq.am- ը , պարզվում է՝ քաղաքապետարանը սեփական կարիքների բավարարման նպատակով օրերս պայմանագիր է կնքել հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դստեր ընկերության հետ : 
Այստեղ հետարքրականն այնն է , որ , ինչպես պարզվում է , քաղաքապետարանի հետ գործարքի մեջ մտած ընկերությունը՝ « Ակադա պրինտ »- ը , որը պետք է քաղաքապետարանի համար 945 000 անդորրագիր տպի , հարկային ծառայության պաշտոնական կայքի տվյալներով՝ գործունեություն չի ծավալում: Ու հիմա հարց է առաջանում,թե ինչպես է սույն ընկերությունը իրավապայմանագրային հարաբերույթյունների մեջ մտել Երևանի քաղաքապետարանի հետ, եթե դադարեցված է ճանաչվում դրա գործունեությունը:
Չգիտես՝ նման չարաճճությունները կոծկելու ցանկությունից դրդվա՞ծ է որոշում կայացվել այսուհետ Երևան քաղաքի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու մասին, թե՞, այնուամենայնիվ, դրդապատճառն այլ է, սակայն պարզվում է, որ « Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում վերջին պահին մեկ հավելյալ կետ են ավելացրել , որտեղ նիստերը լուսաբանող լրագրողների աշխատանքը կարգավորող դրույթի կողքին հայտնվել է կետ՝ արտոնություն շնորհող քաղաքապետին կամ նիստը վարողին : Այս լրացումը որոշակի շրջանակներում լուրջ աղմուկ է բարձրացրել՝ պայմանավորված այն հնարավոր ազդեցությամբ, որ սույն հավելումը կարող է ունենալ հատկապես ԶԼՄ-ների աշխատանքի ազատության հարցում:
Հնչում են հստակ մտավախություններ, որ համապատասխան լրացումը կարող է անհավասար մրցակցային դաշտ ապահովել ԶԼՄ-ների համար, ու բոլոր այն լրատվամիջոցները, որոնք կփորձեն իրենց մեկնաբանություններում ու նյութերում «թարս աչքով նայել» քաղաքապետարանի գործունեությանը, կզրկվեն ավագանու նիստերին մասնակցելու իրավունքից:
Այսինքն՝ մի կողմից թվում է, թե հավելումը բարելավում է իրավիճակը, մյուս կողմից, սակայն, թաքնված կերպով Տարոն Մարգարյանի ձեռքին հայտնվում է հարմար գործիք՝ ճնշում բանեցնելու ազատ խոսքի նկատմամբ, ինչը, թերևս, ոչ մի կերպ չի կարող նպաստել ազատ խոսքի իրավունքի իրացմանը Հաայստանում:
Տեսնես ինչի՞ց են այդքան վախենում քաղաքապետարանում:
Ալեքսանդր Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 4269 անգամ